Հայկական պատվիրակությունը պետք է բացատրություն տա. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին հերթին սա մեր պատվիրակության պարտությունն է»: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ընդունված հակահայկական տարրեր պարունակող նախագծին՝ այս մասին նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով պատգամավոր լինելու տարիներին հանդիսանում էր հենց այդ պատվիրակության անդամ:

Հիշեցնենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակությունից 9-ը կողմ է քվեարկել այն բանաձեւի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձեւակերպումներ: Քվեարկությանը չեն մասնակցել Հայաստանը, Ռուսաստանը եւ Սերբիան:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այդպիսի բանաձեւի ընդունումը լիովին հնարավոր էր կանխել. «Թույլ տալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նման իրավիճակ ստեղծի, կներեք, այստեղ այնքան էլ այնպես չէ, որ դրա դեմն առնել հնարավոր չէր, ես վստահաբար կարող եմ ասել, որ դա կստացվեր: Լինել միայնակ եւ արձանագրել խայտառակ արդյունք, սա արդեն խորհրդարանական դիվանագիտության մասին է խոսում», – նշեց նա:

Սաֆարյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ 12 անդամ ունեցող կազմակերպությունում ընդամենը մեկ համախոհ է առկա` Սերբիան, դա նշանակում է, որ այդ կառույցում Հայաստանը խնդիրներ ունի: «Ոչ թե կառույցն է վատը, այլ կառույցում մեր աշխատանքն է վատը կամ կառույցից դուրս մեր աշխատանքն է վատը», – նկատեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը` չպետք է հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը հրաժարական տա, կամ պատվիրակությունը փոխվի, Սաֆարյանը նկատեց. «Մատերիալը դա է, ում ումով փոխել. իհարկե, պատվիրակությունը բացատրություն պետք է տա, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը մի խմբակցության անդամ է, պատվիրակությունն ինչպես է աշխատել, ինչ քայլեր է արել, ինչ քայլեր կարող էր անել, որ չի արել. սա լուրջ քննության արդյունք պետք է դառնա», – հավելեց նա:

Սաֆարյանի խոսքով՝ վատ պատկեր է տիրում նաեւ տարբեր վեհաժողովներում հայկական պատվիրակությունների աշխատանքի առումով, որը հիասթափեցնում է: Սաֆարյանը որպես պատճառ մատնանշեց. «Խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում հայտնվել են մարդիկ, ովքեր ուղղակ ի վիճակի չեն պաշտպանելու երկրի ազգային շահերը»:




Լրահոս