
Մարտունի քաղաքի նախկին հիվանդանոցի շենքում գործելու է «Հատուկ խնամքի» կենտրոն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 30-ին կայացած 6-րդ գումարման ԱՀ Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի՝ օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանի այն հարցին, թե արդյո՞ք 2018 թվականի պետական բյուջեով չի նախատեսվում ծրագիր, որը կօգնի միայնակ հաշմանդամների խնամքը կազմակերպելուն, Ս. Ավանեսյանը նշել է, որ մշակվում է նոր նախագիծ, որի համաձայն Մարտունի քաղաքի նախկին հիվանդանոցի շենքում կգործի խնամքի կենտրոն, որն իր վրա կվերցնի վերոնշյալ կարգավիճակում գտնվող քաղաքացիների հոգածությունը:
«2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել են համապատասխան գումարներ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար: Եվ Մարտունիում գործող նախկին հիվանդանոցի շենքն իր չափերով լիովին համապատասխանում է կենտրոնը ստեղծելու համար պահանջվող պայմաններին: Հիմնարկը հնարավորություն կունենա սպասարկել մոտ 100 քաղաքացիների»,- ասել է Ս. Ավանեսյանը և ավելացրել, որ այդ հաստատություն կարող են դիմել նաև խնամքի կարիք ունեցող արտերկրի մեր հայրենակիցները: