Որ մասնագիտությունները հաջորդ տարի ընդունելություն չեն ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, հավանաբար, կառավարությունը կհաստատի ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:
Բանն այն է, որ 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում որոշ բուհերում մնացել են թափուր տեղեր, որի պատճառով մի շարք բուհեր վերանայել են մասնագիտությունների ցանկը: Այսինքն՝ 2018-2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չի նախատեսվելու:

Այն կհամապատասխանեցվի ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին: Ի դեպ, մասնագիտությունների ցանկը վերանայվում է յուրաքանչյուր տարի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացավ, որ 2018-2019 ուսումնական տարում Իջեւանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի եւ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի բնապահպանություն եւ բնօգտագործում մասնագիտությունների գծով ընդունելություն չի լինելու:

Փոխարենը ԿԳՆ-ից փոխանցեցին, որ նոր մասնագիտության գծով է նախատեսվում ընդունելություն իրականացնել: Խոսքը թանգարանային գործ մասնագիտության մասին է, որը լինելու է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:

Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացրել հատկապես կրթական ոլորտի մասնագետների մոտ:

Նրանք համոզված են, որ ուսանողների նվազումը վատ հետեւանք է թողնելու կրթական համակարգի վրա, ինչի պատճառով բուհերը առաջիկայում կկանգնեն ֆինանսական մի շարք խնդիրների առաջ: Նշենք, որ այս տարի Հայաստանի պետական բուհերում շատ մասնագիտությունների գծով թափուր տեղեր են մնացել: Իսկ ահա 2018 թվականին դիմորդների թիվը եւս պակասելու է, որը կապված է շրջանավարտների քիչ թվի հետ: Իսկ ինչպես հայտնի է՝ դրա պատճառն արտագաղթն է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս