18 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում նոր սկանդալ է հասունանում. ԱԺ ղեկավարությունը որոշել է խստություն ցուցաբերել եւ ԱԺ նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին պատժել՝ աշխատավարձերից պահումներ կատարելով: Սա, բնականաբար, դուր չի եկել պատգամավորներին: Ու հիմա նրանք խորհրդարանի միջանցքներում չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ պնդելով, որ որոշ դեպքերում այդ բացակայություններն անհարգելի են համարվել հանիրավի:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ հանրային կապերի վարչությունից տեղեկացրել են, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նիստերից անհարգելի բացակայել է 18 պատգամավոր:
Ամենաշատն անհարգելի բացակայել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 11 անգամ, ինչի պատճառով նրա աշխատավարձից պահվել է 252 հազար դրամ: ԱԺ նիստերից 6 անգամ բացակայել է նույն խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ում աշխատավարձից էլ պահվել է 133 հազար 900 դրամ: Անհարգելի բացակայությունների՝ թվով երրորդ տեղում է ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը՝ ԴԱՀԿ նախկին պետ Քեթրինի Միհրանը, 4 անհարգելի բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է 89 հազար 990 դրամ: 3 անգամ անհարգելի բացակայել է ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը, նրա աշխատավարձից պահվել է 73 հազար 580 դրամ:
Մյուս պատգամավորները բացակայել են 1-2 անգամ: Ըստ ԱԺ ներկայացրած տեղեկանքի՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի երկու բացակայությունների համար աշխատավարձից պահվել է 42 հազար դրամ, այս խմբակցության պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանի աշխատավարձից երկու բացակայության համար պահվել է 44 հազար 590 դրամ, այդ խմբակցությունից Արթուր Մանուկյանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու աշխատավարձից երկու բացակայության համար պահվել է 41 հազար 820 դրամ, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի երկու բացակայություններն արժեցել են 48 հազար 380 դրամ:
Իսկ ահա «Ծառուկյան» խմբակցությունից Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, ՀՀԿ-ականներ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Շուշան Պետրոսյանը եւ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանն էլ անհարգելի բացակայել են մեկական անգամ, եւ աշխատավարձերից պահվել է 22-24 հազար դրամ:
Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից նաեւ տեղեկացրել են, որ «ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Պետրոսյանը ՀՀ ԱԺ նիստերից բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացրել նոյեմբերի 15-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ նոյեմբերի 16-ին: Տեղեկանքները քննարկման փուլում են»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանը նշեց, թե իր եւ Վահե Էնֆիաջյանի բացակայություններն անհարգելի չեն, քանի որ այդ օրերին նրանք մեկնել են Սյունիքի մարզ, հանդիպել Սիսիանի տարածաշրջանի գյուղերի բնակիչների հետ, ու քանի որ նույն օրը չեն կարողացել վերադառնալ, ստիպված են եղել գիշերել այնտեղ՝ երկու օր բացակայելով ԱԺ նիստերից: «Բայց մենք զբաղված ենք եղել մեր կարգավիճակից բխող գործողություններով, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ գործերով: Բայց, դե, ԱԺ ղեկավարությունն անհարգելի է համարել մեր բացականերն ու նման որոշում է կայացրել: Չնայած, ասենք, որ մենք միջնորդություն ենք ներկայացրել մեր բացակաները հարգելի համարելու վերաբերյալ: Դեռեւս պատասխան չենք ստացել»,- ասաց Պետրոսյանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամենաշատը հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են անհարգելի բացակայել, Պետրոսյանը մեկնաբանեց. «Պատգամավորի կարգավիճակը ներառում է ոչ միայն ԱԺ լիագումար նիստերի մասնակցություն, այլեւ ժողովրդի հետ հանդիպումներ, նրանց խնդիրներով զբաղվելը: Համենայն դեպս, նորից եմ ասում՝ միջնորդել ենք, որպեսզի մեր բացակաները հարգելի ճանաչվեն»:
Ի դեպ, նշենք նաեւ, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը հնարավորություն է տալիս քվեարկությունների կեսից ավելին անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունները վաղաժամ դադարեցնել: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»: Օրենքի 4-րդ կետում էլ նշված է. «Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա ԱԺ նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով եւ անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին»:
Հետաքրքիր է՝ արդյո՞ք կիսամյակի ավարտից հետո ԱԺ խորհուրդը քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց կսկսի: Համենայն դեպս, օրենքն այս հարցում իմպերատիվ պարտավորեցնում է նման գործընթաց սկսելը: Թե, այնուամենայնիվ, քվեարկությունների կեսից ավելին բացակայած պատգամավորները կգտնեն «հարգելի» ստանալու ուղիները, կամ ամեն ինչ կավարտվի աշխատավարձից պահումներ անելով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ Վանաձորում ՀՀԿ-ՀՎԿ /նախկին ՕԵԿ/ հուշագրի ստորագրումից հետո փոխքաղաքապետի պաշտոնը տրվել է Արկադի Փելեշյանին: Ըստ շրջանառվող լուրերի` ՀՎԿ-ն հուշագրի դիմաց նաեւ այլ պաշտոններ է պահանջել: Միայն թե ՀՀԿ-ն առայժմ չի շտապում բավարարել ՀՎԿ պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, թե իրենք չեն զբաղվում պաշտոնների բաշխմամբ, եւ շարունակեց, թե հուշագրի ստորագրման մասին հրապարակված հիմքերից զատ այլ պատճառներ չկան: Հետաքրքիր է, սակայն, որ Ասլանյանն իր խոսքում նշեց, թե, այնուամենայնիվ, կադրային տեղաշարժեր յուրաքանչյուր տեղերում լինում են, սակայն դա համարեց ապագայի խոսակցություն, քանի որ այս պահին ոչինչ հայտնի չէ: Այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ ՀՎԿ-ն բավարարվել է միայն փոխքաղաքապետի պաշտոնով. առաջիկայում թերեւս կլսենք նոր պաշտոնանկությունների եւ ՀՎԿ-ական նշանակումների մասին: Բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են լինելու այն «դժբախտները», որոնց ՀՀԿ-ն զոհաբերելու եւ գործազուրկ է դարձնելու՝ հանուն ՀՎԿ-ի պահանջմունքները բավարարելու:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի դեմ դատական հայցերը շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նախկին պատգամավորի ընկերությունից պահանջելով 1,5 միլիոն դրամ: Նշենք, որ ավելի վաղ պետական եկամուտների կոմիտեն եւս դատի էր տվել նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը: ՊԵԿ-ն էլ պահանջում էր ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել: ՊԵԿ-ի այս հայցը բավարարվել էր: Ենթադրվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայցը եւս կբավարարվի: Իրոք, հետաքրքիր է՝ ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավոր Լեւոն Սարգսյանը հայտնվել է դժվար վիճակում, երբ իշխանության ներսում սեփականության վերաբաշխումից հետո դուրս մղվեց խաղից:

 

 

 

ԳՈՒՄԱՐ` ՏԵՂԵԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ արդարադատության նախարարությանը կառավարության կողմից գումար կհատկացվի` 23 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված գումարով նախարարությունը պատրաստվում է մինչեւ տարեվերջ շարունակել ՀՀ պաշտոնական տեղեկագրերի պարբերական հրատարակությունը: Բանն այն է, որ այս տարվա հունվար ամսին ընթացիկ ֆինանսավորումից 14 մլն 850 հազար դրամ տրամադրվել էր «Ընտրական օրենսգրքի» 15000 տպաքանակով հրատարակությանը: Իսկ նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնական տեղեկագրերի փաստացի ֆինանսավորումը մինչեւ տարեվերջ մնում է 7 մլն 793 հազար 700 դրամ, որը կբավարարի տեղեկագրերի հրատարակմանը մինչեւ նոյեմբեր ամսվա կեսերը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ երկկողմ առեւտրաշրջանառությունը գտնվում է ցածր մակարդակի վրա եւ ավելացրել, որ երկու երկրների կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին:
 

 

ԿՐԿԻՆ ԿԸՀ-Ի ՄՈՏ
«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը նոյեմբերի 19-ից հացադուլ էր հայտարարել` բողոքելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «հակասահմանադրական» վարքագծի դեմ, երեկ կրկին ԿԸՀ-ի մոտ էր: Նա նոր դիմում էր ներկայացնում: Լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշել է, որ ինքն այդ դիմումով պահանջում է իրեն տրամադրել համապատասխան տեղեկատվություն, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ 200 հազար ստորագրողներն ինչ տվյալներ պետք է տան` անուն, անձնագրի տվյալներ, թե նաեւ բնակության հասցեն է պետք: Հիշեցնենք, որ նա, օրեր առաջ հիմք ընդունելով նոր Սահմանադրության 202-րդ հոդվածը, ստորագրահավաքի միջոցով սահմանադրության մեջ նոր փոփոխություններ իրականացնելու համար հանրաքվե անցկացնելու համար դիմել էր ԿԸՀ, որը մերժվել էր: Պ. Հայրիկյանը ԿԸՀ-ից ձեւաթուղթ էր պահանջել, որպեսզի ստորագրավահաք կարողանա սկսել:

 

 

ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԲԽՈՒՄ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի շուրջ ԱԺ-ում սկսվող լսումների մասին, նշել է. «Չեմ կարծում, որ ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի ունենան, որ ամեն ինչ վերադարձվի զրոյական դիրքերի: Այս օրենքով նոր հնարավորություն եւ դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն: Այստեղ անտեղյակությունից է շատ բան բխում»: Ըստ նրա` բավականին հարցեր կան, որ կլոր սեղանները թույլ կտան ուսանողներին եւ բոլոր շահագրգիռներին էլ ավելի խորքային ծանոթանալ փոփոխությունների հետ. «Ես վստահ եմ, որ խորքային ծանոթանալու դեպքում կտեսնեն, որ եթե պարտադիր է ծառայությունը, իսկ դա սահմանադրորեն պարտադիր է, դա պետք է պարտադիր լինի բոլորի համար»:




Լրահոս