ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կան պետական պաշտոնյաներ, որոնք չարած գործի, իսկ երբեմն նաեւ իրենց վստահված ոլորտը քանդելու համար անգամ պարգեւատրվում են: Երեւանում հասարակական տրանսպորտի ողբերգական վիճակը հանրահայտ փաստ է: Բայց արի ու տես, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ նրա ենթակաները քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազար դրամ պարգեւատրման են արժանացել:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ այս տարվա հունիսի 14-ին ստորագրած հ.365-Ա կարգադրությունը, որով նա քաղաքապետարանի 7 աշխատակիցների պարգեւատրել է 100 հազարական դրամով: Պարգեւատրվողների ցուցակը գլխավորում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, նրան հաջորդում է հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ Հարություն Մելքումյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Կարեն Հակոբյանը եւ Էդուարդ Խուրշուդյանը: Ի դեպ, 100 հազար դրամի չափով պարգեւատրում ստացել են նաեւ երթեւեկության կարգավորման բաժնի պետ Արսեն Գասպարյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Գալստյանը եւ գործավար Մարիամ Սիմոնյանը:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի՝ 2014-2017 թվականի ծրագրի տրանսպորտի ոլորտին առնչվող մասը տապալվել է: «Հետագայում կար նաեւ մեկ այլ ծրագիր մեկ միասնական օպերատորի միջոցով կազմակերպել ամբողջ քաղաքի տրանսպորտային երթեւեկությունը, որի ժամանակ միկրոավտոբուսներին պետք է փոխարինեին ավտոբուսները, դա նույնպես տապալվել է: Զարմանք են առաջացնում այդ պարգեւատրումները: Չեմ կարծում, որ պատասխանատուն տրանսպորտի վարչության պետն է, այլ քաղաքապետն է: Սա շատ ավելի խոշոր խնդիր է»,- նկատեց Տիգրան Ավինյանը: Ըստ մեր զրուցակցի` քաղաքապետարանի քառամյա ծրագրում տրանսպորտի մասով նշված էր նաեւ, որ պետք է միկրոավտոբուսները վերանան, իսկ տրոլեյբուսների, ավտոբուսների քանակը ավելանա: Ինչը եւս չի արվել: Ինչեւէ: Թե կոնկրետ որ արժանիքի համար է պարգեւատրվել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց նրանից:
-Պարո՛ն Նավասարդյան, Դուք այս տարվա հունիսի 14-ին 100 հազար դրամով պարգեւատրվել եք: Կոնկրետ ո՞ր աշխատանքի համար են Ձեզ պարգեւատրել:
-Այդ հարցը տվեք նրան, ով որ պարգեւատրել է: Ես չեմ կարող ասել, թե ինչի համար եմ պարգեւատրվել:
-Գուցե պարգեւատրվել եք այն բանի համար, որ մարդիկ երթուղայիններում կռացած եւ խցկված են աշխատանքի գնում ու տուն վերադառնում…
-Գիտեք ինչ՝ Դուք Ձեր հարցերը գրավոր ներկայացրեք, եթե ինձ կհանձնարարեն, ես կպատասխանեմ: Եթե որոշում կայացնողը պետք է պատասխանի, ինքն էլ կպատասխանի: Պարզ չեմ ասում՝ գրե՛ք հարցերը, կպատասխանենք: Ես հիմա չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին:
Ինչեւէ, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի վիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում, քանի որ միկրոավտոբուսները եւ ավտոբուսները գնալով ավելի են մաշվում, իսկ նորերի մասին խոսք էլ չկա: Ըստ ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի` Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, իսկ փոխելու հնարավորություն չկա: Անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում: Իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել:
Իհարկե, որքան էլ որ առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է Նավասարդյանին եւ իր ենթականերին Տարոն Մարգարյանը պարգեւատրել, մյուս կողմից էլ այս ամենը ունի շատ պարզ պատասխան: Բանն այն է, որ պարգեւատրմանը նախորդած ժամանակաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլ եւ մայիս ամիսներին, Նավասարդյանը, նրա ենթակաները եւ քաղաքապետարանի ողջ աշխատակազմը զբաղված են եղել «ձայներ ապահովելով»: Հավանաբար տրանսպորտի վարչության աշխատակիցներն այդ գործում առանձնապես են աչքի ընկել, դրա համար էլ Տարոն Մարգարյանը որոշել է նրանց առանձնահատուկ շնորհակալություն ասել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

40 ՄԼՆ-Ի ԽՈՐՀՈՒՐԴ
«Էկոսոցիում» հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքում ավելի քան 40 մլն դրամի դասընթացներ է իրականացրել: Նշված դասընթացները, կամ ինչպես ընդունված է ասել՝ խորհրդատվությունը «Էկոսոցիում» հ/կ-ն իրականացրել է մինչեւ 2013 թվականը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Աչաջուրի նախկին գյուղապետ Կամո Ղալթախչյանը, որը 2013 թվականից ղեկավարում էր համայնքը, սակայն այս տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտվել ու չի վերընտրվել: Աչաջրի համայնքապետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ 40 մլն դրամի շրջանակներում ՀԿ-ն գյուղապետարանին մեկ հատ համակարգիչ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ 40 միլիոն դրամի խորհրդատվության պատմությունը իրավապահները քննել են, սակայն հայտնի չէ, թե ինչու է այդքանով ամեն ինչ ավարտվել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀՀ ԱԱԾ ԿԵՆԹԱՐԿՎԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական մի փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմանապահ զորքերի մասին» օրենքներում:
Վերը նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է նախագահական կառավարումից-խորհրդարանականի անցումով: Ըստ այդմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, սահմանապահ զորքերի, օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության ղեկավար կազմի վերահսկողությունը նախատեսվում է փոխել: Հայաստանի գործող օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմին նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը: «Ազգային անվտանգության մարմինների մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով ԱԱԾ-ի ղեկավար կազմին նշանակելու եւ ազատելու լիազորությունն անցնում է ՀՀ վարչապետին: Փաստացի ՀՀ ԱԱԾ նոր իրավակարգավորումներից հետո կգտնվի վարչապետի եւ կառավարության վերահսկողության ներքո: Ներկայումս ԱԱԾ-ն գտնվում է հանրապետության նախագահի վերահսկողության ներքո:
Համանման փոփոխություն է նախատեսվում նաեւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմանապահ զորքերի մասին» օրենքներում: Մասնավորապես գործող օրենսդրությամբ սահմանապահ զորքերի հրամանատարին նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը, առաջարկվող փոփոխություններով այդ իրավունքն անցնում է վարչապետին:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» գործող օրենքով օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության ղեկավարին նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծով առաջարկվում է սահմանել, որ գլխավոր վարչության պետին պաշտոնի կնշանակի եւ պաշտոնից կազատի ՀՀ վարչապետը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ: Գլխավոր վարչության կանոնադրությունը, կառուցվածքը եւ ծառայողների թվաքանակը եւս կհաստատի ՀՀ վարչապետը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ: Նոր օրենսդրությամբ, երբ այն ընդունվի եւ ուժի մեջ մտնի, պետական անվտանգության սպառնացող դեպքերի մասին գլխավոր վարչության ղեկավարը պարտավոր կլինի անհապաղ զեկուցել ՀՀ վարչապետին: Ներկայումս նման հարցերը զեկուցում են հանրապետության նախագահին:
Ի դեպ, վերը նշված օրենսդրական փաթեթը խորհրդարանին ներկայացնելուց եւ հաստատվելուց հետո միանգամից ուժի մեջ չի մտնի: Այն փաստացի ուժի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո՝ եկող տարվա ապրիլի 9-ից:




Լրահոս