ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 21.000 դրամ թոշակ, 40 տարեկան եմ: Մայրս նույնպես ունի հաշմանդամության կարգ: Ստանում ենք ընտանեկան նպաստ: Խնդրում եմ ասեք՝ մենք որեւէ այլ արտնությունից օգտվելու հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ:
Արման Հարությունյան (1-ին կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N1122-Ն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովությամբ 20.00 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
Քանի որ Ա. Վարդանյանի ընտանիքը հաշվառված է ընտանիքների եւ անապահովության գնահատման համակարգում, ստանում է սոցիալական նպաստ՝ ամսական 18.000 դրամ, ունի 2017թ. ընթացքում սպառած 600 խորանարդ մետր բնական գազ, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի համար նվազ սակագներով վճարելու իրավունք:
Ինչ վերաբերում է այլ արտոնություններին, ապա հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ ստանալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի N2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 2.1 կետի՝ պետությունն ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ԿԳՆ-ի կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած եւ ընտանիքների անապահովության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին:
Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորած անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետով պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք ունեն նաեւ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ներառված տվյալների հիման վրա: