Ինչու՞ եք հայհոյում Ամանորը, վա՞տ է, որ եկել է. Վաչե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին «Վիտամին» ակումբի անդամ, «Քարե դարդ» հեռուստատեսային նախագծից հայտնի դերասան, հումորիստ Վաչեն այս տարի Ամանորի գիշերը կանցկացնի Հայաստանում. «Եթե աշխատանքի չլինեմ, Նոր տարվա գիշերը կլինեմ տանը. դա կլինի հազվագյուտ մի բան վերջին տարիների ընթացքում, քանի որ նախկինում Ամանորը կա՛մ անցկացրել եմ արտերկրում, կա՛մ եղել եմ հայրենիքում, բայց աշխատանքի վայրում»,- ասաց հումորիստը:

Վաչեն նշեց, որ դեռ փոքր տարիքից սիրել է Ամանորը եւ մինչեւ հիմա էլ սիրում է ընտանեկան այդ տոնը. «Չեմ ընդունում, երբ մարդիկ դժգոհում են, տրամադրությունները գցում են, որ տոները մոտենում են, անգամ սկսում են հայհոյել: Ինչո՞ւ եք վատ խոսքեր ասում Ամանորին, վա՞տ է արել, որ եկել է»,-կես-կատակ-կես-լուրջ նկատեց մեր զրուցակիցը:


Վաչեն, ի դեպ, խոստովանեց, որ ավանդական ուտեստների սիրահար է. «Հետեւում եմ, որ սեղանին բոլոր ավանդական ուտեստները դրված լինեն: Եղել են տարիներ, որ սեղանին բուդ չենք դրել, տրամադրությունս ընկել է: Բուդը, հնդկահավը պարտադիր են, եթե կարողանանք Վրաստանից էլ գոճի բերել, ավելի լավ»,-կատակեց դերասանը:
Հարցին, թե որն է այն իրը, որը նա ասոցացնում է Ամանորի հետ, Վաչեն պատասխանեց. «Մենք ունենք տոնածառի հին խաղալիքների հավաքածու, դրանց շարքում կա խորհրդային տարիներից մնացած մի տնակ, երբ դա տեսնում եմ, տրամադրությունս անմիջապես բարձրանում է, ասոցացնում եմ Նոր տարվա, իմ մանկության հետ»:

Նաեւ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է հումորիստի սիրելի ամանորյա ֆիլմը. «Երբեք չեմ հոգնի դիտել «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը, ինչպես նաեւ «Տանը միայնակ» կատակերգությունը»,-նշեց Վաչեն:
Քանի որ այս տարի Վաչեի դստեր առաջին Ամանորն է, տոնը դերասանի համար առանձնակի նշանակություն է ձեռք բերել. «Իմ ուրախությունն արդեն իր ուրախությունն է: Կուզենամ ամեն կերպ հիշարժան դարձնել երեխայիս տոնը»,-անկեղծացավ դերասանը՝ հավելելով, որ տոնը նախ նշում է ընտանիքով, ապա գնում է պապիկի տուն՝ շարունակելու այն, իսկ հետո արդեն ընկերական միջավայրում տրվում է խրախճանքին:

Վաչեն խոստովանեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս ունի նվիրական ցանկություն, սակայն չի բարձրաձայնի դրա մասին, որպեսզի այն կատարվի. «Իսկ, առհասարակ, ինձ համար ամենակարեւորն այն է, որ երկրում խաղաղություն եւ ստաբիլություն լինի, այլապես մեր աշխատանքը, որը անմիջականորեն կապված է հումորի հետ, չի երեւում ո՛չ մեր, ո՛չ էլ ժողովրդի աչքին: Թող 2018-ը բոլորիս մոտ ապահովի բարձր տրամադրություն»,-եզրափակեց նա:

Անի Անտոնյան




Լրահոս