ԲՅՈՒՋԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե այս պահին 2017 թվականի պետական բյուջեի թերակատարման վտանգ առկա չէ: Ավելին՝ ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ իրենք ցանկանում են գերակատարել բյուջեն:

-Պարո՛ն Միրումյան, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի մուտքերը ծրագրվածից բավական քիչ են հավաքագրվել: Առկա է բյուջեի թերակատարման վտանգ:
-Ըստ էության պետական բյուջեի թերակատարում հարկային եկամուտների տեղի չի ունեցել: Հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք ունենք շուրջ 9.5 տոկոս աճ, որը կազմում է 74.5 մլրդ դրամ: Այս պահին բյուջեի թերակատարման վտանգ առկա չէ: Ավելին՝ մենք սպասում ենք, որ բյուջեի նախատեսված ցուցանիշներից ավել մուտքեր են լինելու: Թե ինչքան կլինեն այդ մուտքերը, տարին կամփոփենք, կտեսնենք:
-Իսկ ինչի՞ հաշվին են աճել մուտքերը:
-Հիմնականում հարկային եւ մաքսային վարչարարության: Իհարկե, դրան մեծապես նպաստում են նաեւ տնտեսական ցուցանիշները, մակրոտնտեսական ցուցանիշները: Առհասարակ երեք հիմնական բաղադրիչներ կան. առաջինը տնտեսական ցուցանիշներն են, երկրորդը՝ վարչարարությունը, երրորդը՝ օրենսդրական ազդեցությունները: Տնտեսական ցուցանիշները լավն են, տնտեսական աճ ունենք, բնականաբար ինքն իր հետ բերում է նաեւ հարկերի աճ, հարկային վարչարարությունը նպաստում է հարկային եկամուտների ավելացմանը, իսկ օրենսդրական փոփոխությունները, ըստ էության, ներուժ չեն պարունակում 2017 թվականի համար: Բացառությամբ ակցիզային հարկի, մնացած բոլոր փոփոխությունները եղել են տնտեսվարող սուբյեկտների համար ավելի ազատական դաշտ ստեղծելուն, դրա համար հիմնական շեշտը հարկային ու մաքսային վարչարարությունն ու տնտեսական ցուցանիշներն են:
-Պարո՛ն Միրումյան, հայտնի է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ավելանալու են երրորդ երկրներից շուրջ 800 անուն ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերը, ու խոսքը նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է: Դա չի՞ հանգեցնի գնաճի:
-Եթե խոսում ենք մաքսատուրքի մասին, եթե մենք ասենք, որ ընդհանրապես ազդեցություն չի կարող ունենալ, միգուցե եւ սխալված լինենք: Մաքսատուրքը գիտենք՝ անուղղակի հարկ է, որն ուղղակիորեն ազդում է ապրանքի գնի մեծության վրա: Բայց որ ասենք՝ ոչ կառավարելի գնաճի մասին կարող ենք խոսել՝ ոչ, քանի որ դա մի քանի հանգամանքից է կախված: Մասնավորապես մաքսատուրքի ավելացումն, օրինակ, ինչպես կարձագանքի շուկան դրան, ինչպիսին կլինի առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը, քանի որ շատ դեպքերում լինում են իրավիճակներ, երբ թեպետեւ անուղղակի հարկերի կամ տուրքերի գծով ավելացումներ լինում են, բայց էական ազդեցություն չի թողնում, քանի որ տնտեսվարող սուբյեկտները վարքագծային առումով նպատակահարմար են գտնում, որպեսզի որոշակի փոփոխության ենթարկեն իրենց մարժան: Այսինքն՝ այս ամեն ինչը պետք է հաշվի առնել, իմ կարծիքով՝ էական գնաճ չի սպասվում մեզ:
-««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ՝ երեք օրից տեղի կունենա ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումներ՝ ԵԱՏՄ-ի անդամակցության օգուտները եւ վնասները քննարկելու նպատակով: Ըստ Ձեզ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վավերացումը Հայաստանի համար օգտակա՞ր է լինելու:
-Մենք արդեն երկրորդ օրն է, որ քննարկումներ ենք անցկացնում: Արդեն բավականին մանրամասը քննարկեցինք, թե ինչ կարգավորման մասին է խոսքը, ինչպիսի առավելություններ է տալիս: Ոչ թե միտված ենք վատը թաքցնել եւ խոսել միայն օգուտների մասին, այլ իրականում մաքսային օրենսգրքի մշակման նպատակադրությունը եղել է նա, որ պահպանելով առկա ֆորմալ կարգավորման դաշտը՝ ծածկենք այն բոլոր խնդիրները, որոնք խնդրահարույց էին: Եվ, իհարկե, անկասկած նոր օրենսգիրքը բիզնեսի ընդլայնման ծախսերը կրճատելու է: Կարծում եմ, որ սա կարեւոր հանգամանք է: Մի շարք դրույթներ է պարունակում նոր օրենսգիրքը, որն ակնհայտ առավելություններ է տալու տնտեսվարող սուբյեկտին: Դա մաքսային հայտարարագրման գործընթացի պարզեցումն ու ժամանակի կրճատումն է վճարումների կատարման առումով, կան առավելություններ, որոնք տասնյակներով կարելի է թվարկել:

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

«Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի: Ա՛յ, երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ», – ահա, այսպես է Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում պատասխանել «Ազատության» թղթակցի՝ «2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞ր Հայաստանի» հարցին:

Վերջերս ավելի հաճախակի են դարձել Սերժ Սարգսյանին ուղղված նույնաբովանդակ հարցերը, եւ հաճախակի են դարձել նաեւ նրա նույնաբովանդակ, ոչինչ չասող անորոշ պատասխանները:
Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը երեք տարի առաջ՝ 2014 թվականի գարնանը սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման գործընթացի մեկնարկը ազդարարելիս, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե 2018 թվականի ապրիլի 9-ից՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, չի հավակնում ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնին: Սակայն այժմ նա խուսափում է իր նախկին հայտարարությունը կրկնելուց, ընդհակառակը՝ տարեցտարի նա փորձում է «փոշմանելու» ուղիներ հնարել:
Օրինակ՝ վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնը չզբաղեցնելու խոստումից հետո՝ 2015 թվականին, պատասխանելով հայաստանյան հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին եւ անդրադառնալով իր ապագային վերաբերող հարցին՝ նա ասել էր. «Իսկ դրա մասին, ես կարծում եմ, կխոսենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Հիմա շատ վաղ է այդ մասին խոսել»: Մեկ այլ լրագրողի՝ «Հիմա հրաժարվո՞ւմ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ վարչապետ, նախագահ եւ ԱԺ նախագահ», նա արձագանքել էր. «Ո՛չ, ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ, ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես ուղղակի չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Սա է իմ ամբողջ նպատակը, որեւէ բանից չեմ հրաժարվում»:
Սարգսյանի այս խոսքերից հետո այլ հայտարարություններ եւս հնչել են, սակայն, թերեւս, անդրադառնանք արդեն 2017 թվականին հնչած խոսքերին: Մասնավորապես մարտի 25-ին, երբ Հայաստանի խորհրդարանի նախընտրական շրջանում այցելել էր Արցախ ու ելույթ էր ունենում զինուժի առաջ, նա ոչ միայն խոսում էր Հայաստանի այնպիսի գերագույն գլխավոր հրամանատարի մասին, որը չի վարանի տալ «Իսկանդերի» կոճակը սեղմելու հրաման կամ չի վարանի այդ կոճակը սեղմել անհրաժեշտության դեպքում, այլ նաեւ հայտարարում էր, որ իր քաղաքական կարիերայի ամբողջ ընթացքում երբեք չի պլանավորել ուր լինելը եւ ինչ անելը, սակայն միշտ եղել է այնտեղ, որտեղ ամենից անհրաժեշտ է անվտանգության հարցերի տեսանկյունից:
Արդեն հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ «Դուք ցանկանո՞ւմ եք լինել վարչապետ 2018թ.» Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, եւ դա ես ասել եմ անկեղծորեն, առանց որեւէ բան պահելու. ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը։ Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռեւս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա։ Արդյոք էակա՞ն է։ Էական չի, չէ՞»:
Մի խոսքով, եթե Սերժ Սարգսյանը սկսել է անորոշությամբ պարուրել իր քաղաքական ապագան, ապա նշանակում է՝ նա արդեն իսկ կողմնորոշվել է եւ չի ցանկանում իշխանության ղեկավարը լինելուց հրաժարվել, պարզապես չի ցանկանում այդ մասին հայտարարել:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՋՐՀԵՂԵՂ ԱԺ-ՈՒՄ
Ջեռուցման սեզոնին ընդառաջ՝ Ազգային ժողովում ջրհեղեղներն անպակաս են: ԱԺ ղեկավարությունը խոստացել էր նոյեմբերի 18-19-ը միացնել ամբողջ խորհրդարանի ջեռուցումը. այդ մասին նույնիսկ սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Սակայն այդ օրերին, երբ փորձնական միացրել են ջեռուցման համակարգերը, շենքում մի քանի տեղ վթարներ են տեղի ունեցել: Խոսքը հատկապես խորհրդարանի հին մասնաշենքի մասին է, որտեղ խողովակները պատերի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանի աշխատասենյակի մասին է, որը նույնպես դարձել է ջեռուցման համակարգի փորձարկման «զոհ»: Բարեբախտաբար վերջնականապես կարգավորվել է հարցը, եւ երեկ ամբողջ խորհրդարանն արդեն ջեռուցվում էր:

 

ԵԹԵ ՊԱՐԶՎԻ
Վանաձորի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Ինչպես հայտնի է ՝ՀՀ քննչական կոմիտեի քննիչը 32-ամյա ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարությունը դադարեցնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատախազությանը, իսկ ահա Լոռու մարզի դատախազությունը համարել է, որ Շահվերդյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին համաձայնություն տալու հիմքերը բացակայում են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, անդրադառնալով գինեկոլոգի շուրջ ստեղծված աղմուկին, հայտնեց.«Բժշկի մեղքի բաժինը պետք է հասկանան իրավապահ մարմինները, մեր կողմից մենք տրամադրել ենք փորձագետներ: Ինչ վերաբերում է բժշկին աջակցություն ցուցաբերելուն, ապա այդ մասին մենք շատ ենք խոսել, պատրաստվում են գործելակարգեր, եթե ապացուցվի, որ բժշիկը գործել է գործելակարգերի հիման վրա, նա ապահովագրված կլինի, իսկ եթե նա խախտել է ինչ-որ մի քայլ, նա պետք է բացատրի դրա հիմքը»:

 

 

ԸՆԴԴԵՄ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ հանձնաժողովը դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ՝ միջնորդելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Երեկ հայտնի դարձավ, որ միջնորդությունը բավարարվել է. դատավորին նկատողություն է հայտարարվել եւ որոշվել է նրա աշխատավարձից 6 ամիս շարունակ 25 տոկոս պահել: Նշենք, որ Մելքումյանը աչքի էր ընկել 2014 թվականին. ՄԻԵԴ-ի դատավոր դառնալու համար մրցույթ էր հայտարարվել, որտեղ վերջնաժամկետից հետո դիմում էր ներկայացրել նաեւ դատավոր Մելքումյանը, ինչը մրցույթի մյուս մասնակիցների մոտ դժգոհության եւ կասկածի տեղիք էր տվել:




Լրահոս