Հարց քաղաքացիներից` քաղաքացին ե՞րբ կարող է դիմել և գրանցվել որպես ավանդատու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մայրս` ծնված 1935 թվականին, ունի ավանդ իր անունով: Գրանցման համար դիմել ենք սոցիալական բաժին, սակայն տեղեկացրել են, որ այդ թվականի ծնված ավանդատուներին դեռ չեն գրանցում: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կարող է նա գրանցվել որպես ավանդատու եւ ստանալ իր գումարը:

Թեգուշ Պետրոսյան (Բաշինջաղյան, 7-րդ փողոց)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014թ թվականի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հանայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Այս սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում եւ համապատասխան փաստաթղթեր: Նշենք, որ իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որեւէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:




Լրահոս