Տավուշի մարզպետն անտեղյակ է իր իսկ որոշումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2017թ. նոյեմբերի 23-ին որոշում է ընդունել «Տավուշի մարզում 2017թ. ձմեռային զորակոչ կազմակերպելու մասին»: Որոշման մեջ նշված է 2017թ. ձմեռային զորակոչի մասին: Իրականում որոշումը վերաբերում է 2018թ. հունվարից Տավուշի մարզից ազգային բանակի զորակոչին: Այդ որոշման 3-րդ կետում ամրագրված է. «Առաջարկել Լոռու կայազորի զինվորական դատախազությանը (դատախազ` Ա. Զաքարյան…)»: 2017թ. հուլիսի 20-ին Լոռու կայազորի զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Ի դեպ, հենց հուլիսի 20-ին Լոռու կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Կարեն Հարությունյանը:

Ավելին՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմում գործում է զորահավաքային նախապատրաստության բաժին, որը ղեկավարում է Գագիկ Մատինյանը, վերջինս նաեւ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղարն է:

Ինչեւէ, ստացվում է, որ ո՛չ Գագիկ Մարտիրոսյանը եւ ո՛չ էլ Տավուշի մարզպետարանի այն պատասխանատուները, որոնք զբաղվում են մարզպետի որոշումները նախապատրաստելով, տեղեկացված չեն եղել, որ արդեն չորս ամսից ավել է՝ իրենց մարզը սպասարկող Լոռու կայազորի զինվորական դատախազը փոխվել է: Մարզպետն էլ է անտեղյակ կամ էլ որոշումները ստորագրում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: Ի դեպ, այս խնդրի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում է ուղարկել, որի պատասխանը դեռեւս չենք ստացել: Փոխարենը նախօրեին տեղեկացանք, որ մարզպետը դեկտեմբերի 4-ին նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել իր նախորդ որոշման մեջ եւ «Ա. Զաքարյան» բառերը փոխարինել «Կ. Հարությունյան» բառերով:




Լրահոս