Ռոբերտ Քոչարյանի «ամենավատ կադր» Արմեն Հարությունյանն իր վերջին «վատությունն արեց» նաեւ Սերժ Սարգսյանի ռեժիմին` Հայաստանից անակնկալ հեռանալու մասին որոշում կայացնելով: Ու թեեւ ՀՀ ապագա օմբուդսմենն արդեն «ճարվել» է, այնուամենայնիվ, փնտրտուքը բավականին երկար էր, ընտրությունը` ավելի դժվար: Ինչի համար էլ Արմեն Հարությունյանի մեկնումը երկարաձգվում էր:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը բավականին երկար է մտածել, թե ում կարելի է նշանակել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Եւ քանի որ Հայաստանում հատկապես իրավաբանները մինչեւ վերջին «խազը» հիմնականում վարկաբեկված են, նա ընտրության քիչ հնարավորություն ուներ: Ըստ նախագահական նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրների, Սերժ Սարգսյանի խորհրդականներն ու նազիր-վեզիրները մի քանի մարդկանց անուններ են տվել` որպես օմբուդսմենի լավ թեկնածուներ. Գեւորգ Դանիելյան, Կարեն Գրիգորյան, Վիկտոր Մնացականյան, Վարդան Պողոսյան, Կարեն Անդրեասյան: Ովքե՞ր են այս մարդիկ.Գեւորգ Դանիելյանը ՀՀ արդարադատության նախկին նախարարն է, որը պրոֆեսիոնալ իրավաբան է, համեստ մարդ, լավ կառավարիչ եւ այլն: Ահա այսպիսի որակումներով է շրջանառվել Դանիելյանի անունը` որպես ՄԻՊ թեկնածու: Սակայն նա հրաժարվել է ընդունել իր նոր պաշտոնի առաջարկությունը, քանի որ խիստ վիրավորված է Սերժ Սարգսյանից, որը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատժելու փոխարեն իրեն հրահանգ տվեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Կարեն Գեւորգյանը Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալն է, ով Սերժ Սարգսյանի մոտ մատուցվել է որպես լավ իրավաբան, չարատավորված մարդ, մի քիչ կառավարչի քիչ փորձ ունեցող եւ այլն: Գեւորգյանի թեկնածությունը չի հաստատվել հենց վերջին պատճառով, որ նա մենեջերի մեծ փորձ չունի: Վիկտոր Մնացականյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականն է: Նրան Սերժ Սարգսյանին ներկայացրել են որպես լավ իրավաբան, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի եւ համանուն օրենքի համահեղինակ, չարատավորված երիտասարդ: Բայց նա եւս, թեպետ Սերժ Սարգսյանից նեղանալու առիթ չի ունեցել, ինչպես Գեւորգ Դանիելյանը, այնուամենայնիվ հրաժարվել է ընդունել առաջարկությունը` գերադասելով մնալ խորհրդականի պաշտոնում: Օմբուդսմեն դառնալու առաջարկությունից հրաժարվել է նաեւ «Ջի-Թի-Զեթ»-ի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Թեեւ նա եւս լուրջ իրավաբան է եւ գրեթե անմրցակից հավակնորդ` օմբուդսմենի պաշտոնի համար, այնուամենայնիվ մենք նրանք չենք տեսնի օմբուդսմենի պաշտոնում: Նա ի տարբերություն իր ընկեր Հրայր Թովմասյանի, որը դարձավ ՀՀ արդարադատության նախարար, որոշեց չփոխել կարգավիճակը:Վերը նշված թեկնածուների մեջ թեեւ առանձնապես իր առավելություններով չի փայլում երիտասարդ Կարեն Անդրեասյանը, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա: Կարեն Անդրեասյանին Սերժ Սարգսյանի մոտ ներկայացրել են որպես լավ իրավաբան եւ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող երիտասարդ, որը նաեւ օտար լեզու գիտի: Բայց չնայած այս առավելություններին, Կարեն Անդրեասյանը, որպես ՀՀ ապագա օմբուդսմեն, բավականին տխուր համբավ ունի հատկապես լրատվական դաշտում: Նա լրատվամիջոցների դաշտը կարգավորող մի այնպիսի խայտառակ օրինագիծ էր շրջանառության մեջ դրել, որ կարճ ժամանակ հետո հասկացավ, որ ավելի լավ է հնարավորինս խaորը թաքցնել այդ փաստաթուղթը: Բայց այդ անհաջողությունից հետո Կարեն Անդրեասյանի «բախտը բացվեց» եւ նրան առաջարկվեց ՀՀ օմբուդսմենի պաշտոնը:Ինչեւէ, առաջիկայում Անդրեասյանի թեկնածությունը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովին, որտեղ հարցը քննարկելուց հետո փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրություն կանեն: ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ «ԲԱԽՏԸ ԲԱՑՎԵՑ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ