Հերթական արշավը. Լևոն Ալթունյանը կրկին ստիպված է մտափոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի դեմ կրկին քարոզչական արշավ է սկսվել, որի պատճառը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նրա արտահայտած միտքն է: Մասնավորապես պատասխանելով հարցին, թե ինչու պապիլոմա վիրուսի դեմ աղջիկներին պետք է պատվաստել հենց 13 տարեկանից, առողջապահության նախարարը հղում էր արել հարցումների արդյունքներին, որոնց համաձայն` Հայաստանում «մինչեւ 15 տարեկան աղջիկների շուրջ 25 տոկոսը սեռական փորձ ունի»: Ընդ որում, լրագրողի ճշտող հարցին՝ խոսքը մինչեւ 15 տարեկանների՞ մասին է, Ալթունյանը կրկին տվել էր դրական պատասխան:

Սակայն, ինչպես եւ սպասելի էր, նախարարի դեմ սկսած արշավից հետո ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը երեկ հայտարարություն տարածեց՝ սրբագրելով նախարարի ասածները, թե իբր նախարարն այլ բան է նկատի ունեցել: Իբր նախարարը տղաների մասին վիճակագրությունը ներկայացրել է որպես աղջիկներին վերաբերող ցուցանիշ։ Ծառայությունը վկայակոչել է «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքները, որոնց համաձայն` անանուն հարցման ժամանակ 15 տարեկան տղաների 21 եւ աղջիկների 1 տոկոսը նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն: Իսկ 2010թ. կատարված հետազոտության համաձայն` 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել, որ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ աղջիկների` 2 տոկոսը։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս երկու հետազոտություններում տղաներին վերաբերող 25 տոկոսի մասին որեւէ տվյալ չկա։

Սակայն սա առաջին անգամը չէ, երբ Լեւոն Ալթունյանն իր արտահայտած մտքերի ձեռքը կրակն է ընկնում: Մասնավորապես նա ամիսներ առաջ էլ ասել էր, թե. «Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ը ամենօրյա ծխողներ են, եւ սա անհաջողակ լինելու փաստ է»: Այս խոսքերից հետո բարձրացած աղմուկից հետո նախարարը ստիպված էր իր խոսքերից հրաժարվել: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Ալթունյանին հասցեագրված քննադատություններն ուղղակի հասցեագրված են նաեւ նրա ընկերոջը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Այլ կերպ ասած` իրականում նախարարի դեմ սկսված արշավը ապագա վարչապետի «ընտրություններին» ընդառաջ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան ընտրապայքարի դրսեւորումներից է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս