«Ժողովուրդ»-ը դերասան Աշոտ Եդիգարյանի հետ, ով ութ ու կես տարի Միացյալ Նահանգներում ապրելուց հետո վերադարձավ հայրենիք, զրուցել է ամերիկյան եւ հայաստանյան ապրելակերպի, ձեռքբերումների ու կորուստների մասին: Դերասանը պատմել է նաեւ ժողովրդի կողմից «Վերվարածներում», այժմ նաեւ` «Անուղղելիներում» մարմնավորած իր կերպարի` սեփական անձի հետ նույնացման դեպքերի մասին:
-Պարո՛ն Եդիգարյան, արդեն երկու տարի է` ապրում եք հայրենիքում, ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ:
-Միացյալ Նահանգներում ես ապրում էի շատ լավ պայմաններում. փա՛ռք Աստծո, այնտեղ ունեի ապրուստ, շրջապատ, աշխատում էի իմ մասնագիտությամբ: Երկու բեմադրություն արեցի, հետո ինքս խաղացի այլ բեմադրություններում: Ապրում էի օրենքի երկրում, որը լուծել էր իմ բոլոր խնդիրները: Բայց, անկախ ամեն ինչից, իմ ապրելակերպը հայկական է: Այս սրբազան հողը ո՞ւմ թողնեմ-գնամ: Եթե ժողովուրդն այստեղ ապրում է դժվարին պայմաններում, ես էլ, լինելով նրա մի մասնիկը, պետք է կիսեմ այդ պայմանները: Ասեմ, որ Միացյալ Նահանգներում այդ ութ եւ կես տարին շատ դժվարությամբ անցկացրի, ես, թեեւ ամեն տարի գալիս էի Հայաստան, տառապում էի կարոտախտով:
-Իսկ հե՞շտ ադապտացվեցիք այստեղի կյանքին:
-Ո՛չ, դժվարությամբ հարմարվեցի: Մարդիկ այստեղ փոխվել են, ժպիտները պակասել են: Դա կապված է նրանց ապրելակերպի, կենցաղի, սոցիալական վիճակի հետ: Մեր հայրենակիցները մեկը մյուսի հանդեպ դարձել են անհանդուրժող, ձգտում են դեպի շահը: Մարդիկ Հայաստանում չարացած են, դա ակնհայտ է: Եթե խոսելու լինենք մեր բնագավառից՝ կարող եմ ասել, որ թայֆաբազությունը սպրդել է նաեւ այնտեղ: Դաշտը լցվել է դիլետանտներով: Արվեստագետի պատիվն էլ ընկել է:
-Դուք բնիկ երեւանցի եք, մայրաքաղաքի հին մթնոլորտը, ըստ Ձեզ, վերականգնել հնարավո՞ր է:
-Եկեք, քայլենք Երեւանի փողոցներով, եւ Դուք մեկ-երկու երեւանցու կա՛մ կգտնեք, կա՛մ ոչ: Ամեն քայլափոխի Երեւանի մասին երգեր են երգում, բայց ո՞ւր է, Երեւանը կա՞, չկա Երեւանը: Սա ինչ-որ նոր քաղաք է, չես հասկանում` եվրոպակա՞ն, թե՞ արեւելյան ոճով: Մի ժամանակ ասում էին` վարդագույն քաղաք, բայց վարդագույն ոչինչ չի մնացել, սեւ ապակեպատ շենքեր են ամենուր: Ես վատատես չեմ, բայց չեմ գտնում իմ Երեւանը: «Հին Երեւան» ծրագիրն էլ, կարծում եմ, անիմաստ բան է, զբոսաշրջիկներին խաբելու միջոց: Ժամանակին պետք է պահպանեինք արժեքները: Պատմական անցյալը ոչնչացրինք, այն էլ` բավական կոպիտ ձեւով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան, Էդգար Բաղդասարյան, Հովսեփ Հովսեփյան