Պետական ներքին պարտքը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա վերջին ամսում Հայաստանի ֆինանսների նախարարությունը ծրագրում է տեղաբաշխել ընդամենը 400 միլիոն դրամի պետական պարտատոմսեր: Նախատեսվում է տեղաբաշխել 100-ական միլիոն դրամ նոր, կարճաժամկետ պարտատոմսեր՝ համապատասխանաբար 6 ամսով, 1, 2 եւ 3 տարի ժամկետով: Ի դեպ, այդ պարտատոմսերի եկամտաբերության ամենացածր տոկոսը կունենան վեց ամսով թողարկվածները՝ 9 տոկոս: Իսկ մեկ տարվա ժամկետով պարտատոմսի եկամտաբերությունը լինելու է 9,5 տոկոս: 2 եւ 3 տարով պարտատոմսերի եկամտաբերությունը լինելու է համապատասխանաբար 10,5 եւ 11 տոկոս:

Ի դեպ, ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի ընթացքում նախատեսում է հետ գնել 4,5 միլիարդ դրամի, նախկինում տեղաբաշխված պարտատոմսեր: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ դեկտեմբերի արդյունքներով Հայաստանի ներքին պետական պարտքը պետք է 2 միլիարդ 100 միլիոն դրամով նվազի: Իհարկե, սա չի նշանակում, որ պետության ընդհանուր պետական պարտքը եւս դեկտեմբերին կնվազի: Առավել հավանական է, որ ընդհանուր պետական պարտքը կշարունակի աճել: Ամեն դեպքում, ՀՀ կառավարությունը շարունակում է մեկը մյուսի ետեւից նոր վարկային պայմանագրեր ստորագրել:

Ինչպես հայտնի է` օրերս խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ իրականացրեց, ինչը ՀՀ կառավարությանը հնարավորություն կտա առանց կաշկանդվելու նորանոր վարկեր վերցնել: Ավելին` եկող 2018 թվականին Հայաստանում քաղաքական լուրջ իրադարձություններ են սպասվում՝ նախագահական կառավարումից անցում խորհրդարանականի, եւ դժվար է ասել, թե այդ ամենին տնտեսությունն ինչպես կարձագանքի: Կարծիքներ կան, որ եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել այս անգամ արդեն որպես վարչապետ, ապա առանց այդ էլ քիչ ներդրումներն ընդհանրապես չեն լինի, եւ տնտեսությունը նորից կսկսի կտրուկ անկում ապրել: Ուստի բացառված չէ, որ Հայաստանի իշխանությունները եկող տարի ավելի մեծ եռանդով կսկսեն միջազգային ֆինանսական կառույցներից վարկեր վերցնել:

Վ.Հ.




Լրահոս