ՖՈՏՈ. Պայքար` «Պանդա» վաճառելու համար. կոնֆետի շուկայում իրարանցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրուշակեղենի, կոնֆետների ներկրող «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը հայտնվել է ծանր կացության մեջ: Ընկերության հիմնադիր Անդրանիկ Դավթյանը «Ժողովուրդ, օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակի պատճառը հայկական «Գրանդ Քենդի» ընկերությունն է:

Բանն այն է, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը հոկտեմբերի 25-ին դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ հայտնել, որ հանդիսանում է «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանների իրավատերը: Բացի այս` «Գրանդ Քենդի»-ն ՏՄՊՊՀ-ին հայտնել է նաեւ, որ ՀՀ տարբեր քաղաքների վաճառասրահներում հայտնաբերվել են իրենց ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման նշաններով ներմուծված ապրանքներ, ինչը կարող է հանդիսանալ անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Պարզվում է` «Պանդա»-ների պատկերով կոնֆետներ ՀՀ ներկրել է նաեւ «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը, որը հանդիսանում է ռուսական «Շոկոլենդ»-ի պաշտոնական ներկայացուցիչը եւ երկար տարիներ ներկրում է «Chocopanda» անվանումով կոնֆետներ: Իսկ «Պանդա» տեսակի կոնֆետներ «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը Հայաստան սկսել է ներմուծել այս տարվա հոկտեմբերից:

Ընկերության հիմնադիր Անդրանիկ Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ իրենք եւս դիմել են ՏՄՊՊՀ հոկտեմբերի 27-ին եւ պահանջել ուսումնասիրություն կատարել շուկայում: ««Գրանդ Քենդի»-ն պահանջում է ՏՄՊՊՀ-ից, որ մեզ արգելեն այդ կոնֆետները վաճառել:

Իսկ ռուսական «Շոկոլենդ» գործարանից մեզ հայտնեցին, որ այդ ապրանքը իրենք արտադրում են 2014 թվականից, եւ դա «Գրանդ Քենդիի» գյուտը չէ: Նաեւ ուղարկել են հաշիվ-ապրանքագրերը, իրենց հետազոտությունը եւ այլ փաստաթղթեր, որոնք ապացուցում են դա»,- ներկայացրեց ներկրողը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը մտավոր սեփականության գործակալությունում «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանը գրանցել է 2016 եւ 2017 թվականներին: Ըստ Անդրանիկ Դավթյանի` սա ընդամենը մտավոր սեփականության գործակալության անփութության հետեւանք է, որովհետեւ երբ «Գրանդ Քենդին» դիմել է «Պանդա»-ի ապրանքանիշը հեղինակային գրանցելու պահանջով, գործակալությունից ոչ ոք չի ուսումնասիրել, չի հետազոտել:

Ըստ Անդրանիկ Դավթյանի` «Պանդա»-ի տեսքով կոնֆետները ամբողջ աշխարհում հայտնի են եւ իրացվում են դեռեւս 2010 թվականից` Չինաստանում, Ռուսաստանում եւ Ճապոնիայում։ Տեղեկացնենք, որ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է, եւ առաջիկայում հայտնի կդառնա, թե ինչ որոշում կկայացվի:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Գրանդ Քենդի»-ից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Սյունէ Համբարձումյան




Լրահոս