«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսավոր Հայաստան կուսակցության հայտարարություն է տարածել Վանաձորում քաղաքական իրադարձությունների հետ կապված.

«2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցությունը ստացավ 10,899 ձայն (27,5%) և 10 մանդատ։ Հանրապետական կուսակցությունը ստացավ 14,889 ձայն և 13 մանդատ, ՀՎԿ-ն՝ 5286 ձայն և 5 մանդատ, ԲՀԿ-ն՝ 2872 ձայն 3 մանդատ, ՀՅԴ-ն՝ 2522 ձայն և 2 մանդատ։ Արդյունքում, Հանրապետական կուսակցությունը, իր կոալիցիոն գործնկերոջ՝ ՀՅԴ-ի հետ ստացավ 15 մանդատ, որը չէր կազմում ավագանիների թվի մեծամասնությունը, քանի որ Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան և Հայկական վերածնունդ կուսակցությունների ընդդիմադիր մանդատների ընդհանուր թիվը կազմում էր՝ 18 մանդատ։

Նպատակ ունենալով իրացնել Վանաձորի քաղաքացիների ընտրության արդյունքները և ձևավորել օրինական և ընտրված քաղաքային իշխանություն՝ հոկտեմբերի 8-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր ԼՀԿ, ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունների միջև Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին: Սակայն, 2016թ. հոկտեմբերի 10-ի ավագանու անդրանիկ նիստը ընթացավ ընթացակարգի խայտառակ խախտումներով, իսկ դրա արդյունքում տեղի ունեցավ մանդատագողության աննախադեպ մի ակտ. փակ գաղտնի քվեարկության արդյունքում, աննախադեպ ճնշումների և վախի մթնոլորտի պայմաններում, լինելով փոքրամասնություն, ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն՝ զավթելով Վանաձորի քաղաքապետի աթոռը։
Չճանաչելով այս խայտառակ մանդատագողության արդյունքները և թույլ չտալու համար ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումը Հայաստանի երրորդ քաղաքում՝ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջարկով ավագանու երեք խմբակցությունները հայտարարեցին բոյկոտ և չներկայացան ապօրինի կերպով գումարվող նիստերին։

Մեկ տարի շարունակ, Վանաձորի ավագանու փոքրամասնությունը, զավթած պահելով իշխանությունը, գումարեց ապօրինի նիստեր՝ կայացնելով բազմաթիվ անօրինական որոշումներ, որոնցից շատերը միտված էին լցնելու սեփական կերակրատաշտը և վարձահատույց լինելու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայություններ մատուցած իրենց յուրայիններին։ Փաստացի, ավելի քան մեկ տարի, Վանաձորում տիրում էր բացարձակ անիշխանություն՝ ՀՀ ղեկավարության բարձր հովանու ներքո։

Հավատարիմ մնալով մեր դիրքորոշմանը և կանխելու համար Վանաձորում տիրող անիշխանությունը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, ԵԼՔ և Ծառուկյան դաշինքների պատգամավորների ստորագրությունների շնորհիվ դիմեց ՀՀ Սահմանադրական դատարանվիճարկելու համար Վանաձորի ավագանու մինչ այդ պահը կայացրած որոշումների օրինականությունը։ 2017թ. նոյեմբերի 10-ին՝ Սահմանադրական դատարանը, իր կայացրած որոշմամբ՝ հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած նիստերը։
Սրանից ընդամենը մի քանի օր անց՝ 2017թ. նոյեմբերի 18-ին, Հանրապետական կուսակցության և Հայկական վերածնունդ (ՕԵԿ) կուսակցության միջև ստորագրվեց համատեղ կառավարման հուշագիր, որի արդյունքում՝ ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն Վանաձոր քաղաքում միմյանց միջև բաժանեցին իշխանությունը:
Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմեց ՀՀ կառավարությանը՝ պահանջելով լուծարել Վանաձորի ավագանին և նշանակել նոր ընտրություններ։ ՍակայնՀայաստանի Հանրապետության կառավարությունը, հավատարիմ մնալով մանդատագողությանն աջակցող իր նախկին դիրքորոշմանը,2017թ. դեկտեմբերի 18-ին մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության պահանջը։

Ավելի քան մեկ տարի շարունակ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, կիրառելով իրեն հասանելի բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները, բազմաթիվ քայլեր ձեռնարկեցմիտված մանդատագողության արդյունքում Վանաձոր քաղաքի ապօրինի կառավարման գործընթացի կանխմանը, ժողովրդավարական սկզբունքների հարգմանը, պետականության հիմքերի կայացման մեջ արատավոր նախադեպերի բացառմանը և իրավական պետության ձևավորմանը: Այնուհանդերձ, կառավարությունը իրավիճակային լուծումն ավելի վեր դասեց, քան ժողովրդավարական պետության կայացումը և մնաց անդրդվելի, այդպիսով նաև ապացուցելով, որ Սահմանադրական բարեփոխումների և Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին իշխանության բոլոր հայտարարություններըկատարելապես ձախողված են և հիմնազուրկ:

Այսպիսով, մենք համարում ենք, որ Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը և սպառվել մանդատագողության վիճարկման իրավական մեխանիզմները։ Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ և նպատակ ունենալով վերահսկել և հակակշռել տեղական իշխանությանը՝ Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին:

Սույնով պնդում ենք նաև, որպեսզի 2017թ. տեղի ունեցած ապօրինի նիստերի ընթացքում ընդունված բոլոր որոշումները հերթականությամբ ներառվեն Վանաձորի ավագանու առաջիկա նիստերի օրակարգերում։ Որպես ընդդիմադիր խմբակցություն, Լուսավոր Հայաստանը հետևողականորեն և ամենօրա ռեժիմով վերահսկելու է Վանաձորի ավագանու գործունեությունը և աշխատելու՝ հանուն Վանաձորի արդյունավետ կառավարման և վանաձորցու իրավունքների ու շահերի պաշտպանության:

ԼՀԿ խորհուրդ




Լրահոս