ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է իրենից ներկայացնում գյուղատնտեսական կոոպերատիվը: Ուզում եմ տեղականալ` արդյո՞ք դա հենց նույն կոլտնտեսությո՞ւնն է, թե՞ դրանք տարբեր են:
Հարություն Գեւորգյան (49 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կոոպերատիվը ոչ կոլտնտեսություն է, ոչ բաժնետիրական ընկերություն, ոչ էլ բարեգործական կազմակերպություն: Գյուղատնտեսական կոոպերատիվը գործունեության առանձնահատուկ տեսակ է, որը ինչպես եւ տնտեսական գործունեության որեւէ այլ տեսակ, ղեկավարվում է ընդհանուր տնտեսական սկզբունքներով: Կոոպրեատիվը մասնավոր ձեռնարկատիրության մի այնպիսի ձեւ է, որը պատկանում է իր անդամներին, համատեղ վերահսկվում է նրանց կողմից եւ ծառայություններ ու ապրանքներ մատուցում նրանց:
Գյուղատնտեսական կոոպերատիվը ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ինքնավար, տնտեսական, անդամների հետ փոխադարձ նպատակ ունեցող կազմակերպություն է: Կոոպերատիվի անդամները մասնակցում են եւ որպես սեփականատեր, եւ որպես օգտատեր: Նրանք իրավունք ունեն մասնակցելու կոոպերատիվի նպատակների ձեւակերպմանը, որոշումների կայացման եւ վերահսկման ու գնահատման գործընթացներին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կոոպերատիվի կողմից առաջարկվող ծառայությունները պետք է օգնեն արտադրողին արդյունավետությունը ու որակը բարելավելու հարցում: Համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական եւ տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: