ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ պատրաստած «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Ինչպես հայտնի է` այս տարվա սեպտեմբերի 25-ին Երեւանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրացավ, թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին: ՀԿ-ն էլ դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանին` նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելով նախարարության դեմ` պահանջում է պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը եւ պաստառները ճանաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից: Առայժմ նշանակված չէ այս գործով դատական նիստը: Սակայն հայտնի է դատավորի անունը. այս գործը քննելու է վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:
Այսպիսով` պետք է արձանագրել, որ այս դատավորին բավական լուրջ փորձություն է սպասվում, քանի որ եթե այս կազմակերպության հայցը մերժի, նրանք փորձելու են աղմուկ բարձրացնել ու զոհի դերում հանդես գալ, եթե բավարարի, նշանակում է՝ համասեռամոլության քարոզչության ջատագով է: