2017թ. աշխարհաքաղաքական գործընթացների համար դարձավ իր նախորդի տրամաբանական շարունակությունը: Թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան աշխարհամասերը ենթարկվեցին քաղաքական ցնցումների` անպատրաստ իրենց հասարակություններին հուզող խնդիրների լուծմանը: Արեւմտյան ժողովրդավարություններում տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե մի աղյուս ավելացրին համաշխարհային անվտանգության ու բարեկեցության հուսալի համակարգի կառուցմանը, այլ խորացրին անորոշությունը ապագայի հանդեպ ամբողջ աշխարհում:
Ամերիկայի մեկուսացումը
Տարվա մեկնարկին Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի ամբողջական պարտականությունները: Նրա նախագահությունը արդեն իսկ սեւացավ ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությամբ, որը մինչ օրս կրնկակոխ հետապնդում է Թրամփին: Հետաքննության գոյությունն իսկ լուրջ խոչընդոտ է Թրամփի արտաքին ու ներքին քաղաքականության հաջողության համար, թեեւ ԱՄՆ 45-րդ նախագահը կարծես այնքան էլ հստակորեն չի պատկերացնում իր անելիքը: Մտադրված լինելով ամեն ինչում առաջին հերթին սպասարկել ամերիկյան շահերը` Թրամփը ակներեւաբար մոռանում է փոխադարձության սկզբունքի մասին, որը խիստ կարեւոր է Եվրոպայի ու ԱՄՆ-ի մյուս դաշնակիցների հետ հարաբերություններում: Դրանց ամրությունը տասնամյակների քաղաքական ավանդույթների ու աշխարհաքաղաքական շահերի արդյունք է, որ կարծրացել է Սառը պատերազմի շրջանում:
Եվ այդ աշխարհակարգի հիմքում ԱՄՆ-ի առաջնորդությունն է` աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող իրադարձություններին ներգրավելու միջոցով:
Ի հեճուկս իր նախորդների` Թրամփը Սպիտակ տուն բերեց ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականությունը, որը լուսանցքում էր հայտնվել 1930-ական թվականներից: Սակայն մեկուսացման այդ քաղաքականությունը Թրամփը հակառակ կողմից սկսեց` առաջին հերթին վանելով իր դաշնակիցներին: Թերեւս բացառությամբ Իսրայելի, այսօր Միացյալ Նահագներն աշխարհում իրական դաշնակից չունի: Փոխարենը ԱՄՆ նախագահը անպատվաբեր լեզվակռվի մեջ ներքաշվեց Հս. Կորեայի հետ` զգալիորեն մեծացնելով միջուկային գաճաճի հետ պատերազմի հավանականությունը: Թեպետ պարզ է, որ Թրամփն այդկերպ փորձում էր Չինաստանից զիջումներ կորզել, սակայն գործնական հաջողության այդպես էլ չհասավ: Չինաստանն ընկալելով իբրեւ ԱՄՆ հիմնական մրցակից` Թրամփը փորձեց կամուրջներ կառուցել Ռուսաստանի հետ, ինչն էլ, սակայն, հանդիպեց արդեն քաղաքական էլիտայի մյուս թեւի խիստ դիմադրությանը:
Արդյունքում` ԱՄՆ 45-րդ նախագահն իշխանավարության առաջին տարում չկարողացավ առարկայական նվաճում արձանագրել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Խաթարվեցին ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները, չզսպվեց Չինաստանի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ախորժակը, չսաստվեցին ԱՄՆ-ի թշնամիները: Ինչպիսին Թրամփի նախընտրական քարոզչությունն էր, այնպիսին էլ նրա նախագահական գործունեությունն է: Սակայն եթե նախագահի թեկնածուի կարգավիճակում նա չէր կարող լրջորեն վտանգել ԱՄՆ-ի համաշխարհային առաջատարությունն ու անվտանգությունը, ապա նախագահի կարգավիճակում Թրամփի վնասարարությունն արդեն կարող է անդառնալի լինել:
Եվրոպայի բաժանումը
2017թ. լուրջ քաղաքական գործընթացներ տեղի ունեցան նաեւ եվրոպական մայրցամաքում, որտեղ, սակայն, աջ ծայրահեղականության վարակը որոշակիորեն հաղթահարվեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Է. Մակրոնի ընտրությամբ: Օգտվելով համաշխարհային առաջնորդության դիրքերից ԱՄՆ-ի կամավոր նահանջից, Միացյալ Թագավորությանը պատուհասած Բրեքզիթի աղետից, Գերմանիայում Մերկելի նկատելի թուլացումից` Ֆրանսիայի նոր նախագահը հայտ ներկայացրեց առաջնորդելու ամբողջ արեւմտյան ժողովրդավարությունը: Երբ Թրամփն իր երկիրը դուրս բերեց Փարիզի կլիմայի համաձայնագրից, Մակրոնը առաջինը արձագանքեց դրան` հանձն առնելով պաշտպանել այն:
Մակրոնը նաեւ առանձնահատուկ հարաբերություններ հաստատեց Թրամփի հետ` նրա հանդեպ խիստ նրբանկատ վերաբերմունք ցուցադրելով ու Փարիզում արտակարգ ընդունելություն կազմակերպելով: Կարելի է ասել` Թրամփը, իր առաջին այցելության համար արեւմտյան տերություններից նախընտրելով Ֆրանսիան, եվոպական գործերի տնօրինությունը վստահեց Մակրոնին: Ավանդաբար Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցը Միացյալ Թագավորությունն էր, բայց վերջինս այժմ գալարվում է ԵՄ-ից դուրս գալու ծանր բանակցությունների ու բյուրոկրատական ընթացակարգերի անտանելի հորձանուտում եւ, փաստորեն, ռեսուրս չունի` աշխարհաքաղաքական խաղերում վատնելու համար: Նույնպիսի մի բարդ դրության մեջ է հայտնվել նաեւ Գերմանիան, որը Եվրոպայում իր տնտեսական առաջնորդությունը քաղաքականի վերածելու գլուխկոտրուկին ավելացրեց խորհրդարանական հակասական ընտրությունները: Դրանց արդյունքում էականորեն սասանվեց կանցլեր Մերկելի հենարանը` ինքնաբերաբար թուլացնելով Գերմանիայի ազդեցությունը Եվրոպայի եւ աշխարհի քաղաքական գործընթացների վրա:
Ըստ էության, 2017 թվականը ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար հակասական շրջան էր, երբ ձեռքբերումների փոխարեն զգալիորեն մեծացավ անորոշությունը ապագայի հանդեպ: Տարին ոչ միայն չնպաստեց Եվրոպայի միասնականությանը, այլեւ նոր բաժանարար գծեր առաջացրեց հին մայրցամաքում: Կատալոնիայի անկախության հանրաքվեն ու իսպանական իշխանությունների խայտառակ բիրտ եւ արեւելյան ոճի պատասխանը, միաժամանակ եվրոպական «առաջադեմ» ու «ժողովրդավար» ընտրախավի անատամ, երկակի ստանդարտներով պայմանավորված արձագանքը ցույց տվեցին, որ եվրոպական միասնական ինքնության, մարդակենտրոն հասարակության ու մարդու հիմնարար ազատությունների գերակայության մասին պնդումները իրականության հետ առերեսվելիս ստորադասվում են քաղաքական նպատակահարմարությանը:
Եվրոպային ներկայումս համակած ճգնաժամը, այսպիսով, ամերիկյան ճգնաժամի երկվորյակն է` ծագելով կառավարող ընտրախավի ինքնանպատակ գործունեության ու հասարակության կենսական պահանջներին ականջալուր չլինելու ամբարտավանությունից: Այսպիսով` 2018 թվականը ծանր բեռ է ժառանգում, քանի որ այս տարվա հարուցած խնդիրները շատ ավելի խորքային են` հակաթույնով օժտված մակերեսային ու իրավիճակային հեշտ լուծումների հանդեպ:
Ն. Հովսեփյան