ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կատարված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո որպես հանրապետության նախագահի առավել հավանական թեկնածու երկար ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Հիշեցնենք` նոր Սահմանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, եւ այդ պաշտոնն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ զրկված է գործադիր իշխանության նկատմամբ որեւէ ազդեցությունից: Նախագահի ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Գագիկ Հարությունյանը ստացել է հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ, եւ, ընդհանրապես, ինքը նման մտադրություն ունի՞, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Հովհաննես Պապիկյանը մեզ փոխանցեց. «Դա աբսուրդ հարց է, Գագիկ Հարությունյանը նման առաջարկ չի ստացել, մտադրություն էլ չկա»: Այլ կերպ ասած՝ Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի հանրապետության նախագահ դառնալ:
Ի դեպ, եկող տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը: Այդ օրվանից ՍԴ նախագահը պետք է վայր դնի իր լիազորությունները: Գործող Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանը փոխնախագահի ինստիտուտ չունի: ՍԴ նախագահն իր բացակայության դեպքում անդամներից մեկի վրա է դնում իր պարտականությունները: Սակայն ՍԴ նախագահի լիազորությունների դադարելու դեպքում պաշոնն ուղղակի թափուր է մնում: Իսկ այդ դեպքում էլ ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է դատարանի՝ տարիքով անդամը: Տվյալ դեպքում ՍԴ ամենատարիքով անդամը Վոլոդյա Հովհաննիսյանն է: Վերջինիս լիազորություններն ավարտվում են եկող տարվա հունիսի 15-ին: Այսինքն՝ նա իր պաշտոնավարման մայրամուտին կհասցնի մեկ ամսով լինել ՍԴ նախագահ:

 

 

 

Պարզվում է՝ վերջին երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն առարկություններով որեւէ օրենք չի վերադարձրել խորհրդարան: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Վերջին օրենսդրական նախագծերը, որոնց Սերժ Սարգսյանը վետո է դրել՝ վերադարձնելով ԱԺ, եղել են «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: Ս. Սարգսյանը դրանց վետո է դրել 2014թ. հունվարին: Կառավարության հեղինակած այդ նախագծերով սահմանված են ՀՀ ՍԴ անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները։ Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետական պաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում: ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից էլ տեղեկացանք, որ խորհրդարանը ետ վերադարձված նախագծում արել է փոփոխություններ, որից հետո Ս. Սարգսյանն էլ ստորագրել է այն:

 

 

 

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Շիրակի մարզը համարվում է ամենաաղքատը՝ 45.5 տոկոս, երկրորդ տեղում է Լոռու մարզը՝ 35.8 տոկոս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ քվոտայով Շիրակի մարզպետ նշանակված Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե այս խնդիրը նոր չի առաջացել: «Խնդիրը երեկ չի առաջացել, եւ լուծումը այդքան արագ չի լինի: Մյուս կողմից՝ Շիրակի մարզը ամենաշատ գումար ստացող մարզն է եղել, բայց ստարտային պայմանները եղել են կատաստրոֆիկ վատ: Գյումրին արդյունաբերական կենտրոն է եղել, բայց մի քանի վայրկյանների ընթացքում ամեն ինչ կորցրել է, բնակֆոնդը՝ քայքայվել»,- ասել է նա: Մարզպետը նաեւ խոսել է զարգացման ծրագրերից: Սակայն նկատենք, որ իշխանությունները միշտ էլ հայտարարել են, թե զարգացման ծրագրեր են իրականացնում ոչ միայն այս մարզերում, այլեւ ընդհանրապես Հայաստանում: Չնայած այդ ամենին՝ սայլը տեղից չի շարժվել:

 

 

 

Դեկտեմբերի 6-ին Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել: «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր Երեւանի բնակիչ Արշակ Գալստյանի դին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գալստյանի քեռու որդուն՝ Կարենին, որը, սակայն, ավելի հայտնի է Չորրորդ գյուղի Ջոնիկ անունով: Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է գումարային հարցերի շուրջ առաջացած տարաձայնությունը: Ջոնիկը պարտքով մոտ 15 հազար դոլար է տվել հորաքրոջ որդուն: Վերջինս չի կարողացել վերադարձնել, եւ տհաճ խոսակցությունն ավարտվել է սպանությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից հետո իրավապահները բացահայտել են՝ Կարենը լքել է երկիրը: Նրա դատարկ մեքենան հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է միայն «ԱԿՍ» մակնիշի ինքնաձիգը, որով էլ, հավանաբար, կատարվել է սպանությունը:

 

 

 

ԿՈՂՄԵՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները հետաքրքիր էին: Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները դրական են գնահատում իրենց վերջին հանդիպումը, Լավրովը հայտարարել է, թե հակամարտության կողմերի միջեւ առկա է երկխոսություն, որը, սակայն, դեռ լուրջ առաջընթաց չի ապահովում կարգավորման գործընթացում:
ՌԴ ԱԳ նախարարն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում: Նոյեմբերին Երեւան այցի ժամանակ էլ նա ասել էր. «Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, եւ հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտեւի»: Հիմա նույն միտքը՝ մի փոքր այլ ձեւակերպմամբ, Լավրովը կրկնել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած ասուլիսում: «Շարունակելու ենք ջանքեր գործադրել այն ուղղությամբ, դեպի ուր տանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոլեկտիվ մոտեցումները: …Այն իր մեջ ներառում է կարգավորման սկզբունքները, որոնք ընդունել են կողմերը, բայց դեռ չեն տեղափոխել պրակտիկ գործողությունների դաշտ: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք դրանով զբավել»,- ասել է Լավրովը:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՌԴ-ն, ըստ էության, նախաձեռնողականություն է ցուցաբերում Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում, Լավրովի հայտարարությունները պատահական չէին: Ընդ որում, նա այս հարցով պատասխանատվությունը դնում է հենց ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների վրա՝ շեշտելով, որ կողմերն իրենք խնդրի կարգավորման սկզբունքները դեռ չեն տեղափոխել պրակտիկ գործողությունների դաշտ:
Ավելին՝ նման շեշտադրումներ առկա էին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ: Այն ավարտվում է հետեւյալ նախադասությամբ. «Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տեւական եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք հանձնարարել ենք համանախագահներին՝ շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկները, սակայն շեշտում ենք՝ ԼՂ հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների վրա է»:
Այլ կերպ ասած՝ միջազգային հանրությունը բաց տեքստով հասկացնում է՝ իրենք խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ վաղուց եկել են համաձայնության, եւ հիմա որոշում ընդունելու հերթը հակամարտող կողմերին է, եւ իրենք են պատասխանատու ստեղծված իրավիճակի ու դրա հետեւանքների համար:




Լրահոս