2008Թ. ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉԵՆՔ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն օրերս հերթական խոստումներն է հնչեցրել. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: …2025 թվականի դրությամբ, առանձին վերցրած, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը, եւ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելին, քան 30%-ը. խնդիրը հետեւյալում է, որ այնպես պետք է անենք, որ եկամուտները բաշխվեն հնարավորինս համաչափ, եւ մարդիկ առանց այդ էլ մեր փոքր ՀՆԱ ունենալու պարագայում չլինեն մեկը հատակին մոտ, մյուսը` գագաթին»:

Նախանշված թվերը շատ գրավիչ են հնչում, բայց միաժամանակ շատ անիրատեսական: Պատճառները, թերեւս, դժվար չէ կռահել. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հատկապես սկզբի տարիներին սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ անկում ապրեց, ու մինչեւ հիմա մի շարք ցուցանիշներով, այդ թվում` ՀՆԱ-ի հաշվարկով, մոտ տասը տարիների ընթացքում իրավիճակը դեռեւս չի մոտեցել 2008թ. մակարդակին: Ճիշտ է՝ նույն Սերժ Սարգսյանը դեռ 2013թ. հունիսին ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, թե Հայաստանի տնտեսությունը հասել է նախաճգնաժամային վիճակին. «Այո՛, ՀՀ տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարեւան բոլոր երկրներին: …Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր: Սա թույլ տվեց, ի վերջո, վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում, տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին»:
Բայց իրականությունը միանգամայն այլ էր. ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ առավել եւս այսօր նախաճգնաժամային վիճակը վերականգնված չէ:
Դատեք ինքներդ. 2008թ. Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 11 մլրդ 662 մլն դոլար էր: 2009թ. սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, հակառակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդումներին, այդպես էլ չշրջանցեց Հայաստանը, եւ արդյունքը եղավ այն, որ 2009թ. ՀՆԱ-ն կտրուկ նվազեց՝ դառնալով 8 մլրդ 648 մլն դոլար: Հետագա տարիներին արդեն այս ցուցանիշը տարբեր վայրիվերումներ է ունեցել, անվանական ՀՆԱ-ն որոշակի աճել է, բայց մինչեւ հիմա չի գերազանցել նախաճգնաժամային վիճակը: 2016թ. անվանական ՀՆԱ-ն կազմել է 10 մլրդ 572 մլն դոլար: Այլ կերպ ասած՝ այսօր ՀՀ անվանական ՀՆԱ-ն ավելի քան 1 մլրդ դոլարով պակաս է 2008թ. ցուցանիշից:
Ինչ վերաբերում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ին, որ Սերժ Սարգսյանը խոստացել է հասցնել 10 հազար դոլարի, ապա այս ցուցանիշը եւս չի հասել նախաճգնաժամային վիճակին: 2008թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար 778 ԱՄՆ դոլար էր: 2009 թվականին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել էր 2 հազար 821 դոլար: 2016 թվականի արդյունքներով մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3 հազար 512 դոլար, այսինքն` 266 դոլարով պակաս, քան Ս. Սարգսյանի պաշտոնավարման սկզբում էր:
Տարեթիվ Անվանական ՀՆԱ Մեկ շնչին բաժին
/դոլար/ հասնող ՀՆԱ /դոլար/
2008թ. 11 մլրդ 662 մլն 3 հազար 778
2009թ. 8 մլրդ 648 մլն 2 հազար 821
2010թ. 9 մլրդ 372 մլն 2 հազար 844
2011թ. 10 մլրդ 137 մլն 3 հազար 363
2012թ. 9 մլրդ 949 մլն 3 հազար 290
2013թ. 11 մլրդ 121 մլն 3 հազար 680
2014թ. 11 մլրդ 609.5 մլն 3 հազար 864
2015թ. 10 մլրդ 553 մլն 3 հազար 515
2016թ. 10 մլրդ 572 մլն 3 հազար 512
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մոտ տասը տարիներն ամփոփելիս (2018թ. ապրիլին կլրանա նրա նախագահության տասնամյա ժամկետը) պետք է արձանագրենք տխուր իրողություն. Հայաստանը լուրջ ետընթաց է գրանցել ամենատարբեր ոլորտներում: Ու հիմա առաջիկա 25 տարիների կտրվածքով Սերժ Սարգսյանի խոստումները մի տեսակ լուրջ չեն ընկալվում: Առավել եւս, երբ նա նման խոստումներ է հնչեցրել նաեւ նախկինում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՈՉ ԿՈԱԼԻՑԻՈՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կառավարությունը մերժել էր 2018 թվականի պետական բյուջեին վերաբերող ՀՅԴ խմբակցության առաջարկությունները: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ՀՅԴ խմբակցության բոլոր անդամները կողմ էին քվեարկել բյուջեի նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում էր, թե իրենց քվեարկությունն ամենեւին էլ կապ չի ունեցել այդ առաջարկներն ընդունելու հետ: Ավելին՝ չնայած կառավարությունը բոլոր ութ առաջարկները մերժել է, սակայն ՀՅԴ-ականները կարծում են, որ դրանք մերժումներ չեն: «Մեր առաջարկները չեն մնացել, անուշադրության մատնվել, բնականաբար անդրադարձ է կատարվել մեր առաջարկներին, հստակ գնահատականներ տրվել: Այդ առաջարկները դեռ չեն կորցրել իրենց ուժն ու արդիականությունը: Կարծում եմ՝ հետագայում դրանց մի զգալի մասը կիրականացվի: Ոչ թե մերժել է, այլ ելնելով իրավիճակից՝ պարզաբանումներ է տվել»:

 

 

 

ՀՀԿ-Ի ՄԵՐԺՎԱԾԸ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակեղծարարության դիմած Աշխեն Հովհաննիսյանին: Հիշեցնենք, նա եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկը եւ նրա փոխարեն քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 800 հազար դրամով եւ ընտրական հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծարարության դիմած հանձնաժողովի անդամը չէր հաշտվել այս որոշման հետ եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ խնդրելով նշանակել մեղմ պատիժ` տուգանք 700.000 ՀՀ դրամի չափով եւ այն տարաժամկետել՝ հնարավորություն տալով վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Ռ. Մխիթարյանը, Մ. Արղամանյանը եւ Կ. Մարդանյանը մերժել են պաշտպանի վերաքննիչ բողոքը: Երեւի իշխող ՀՀԿ-ն Հովհաննիսյանին ընտրակեղծարարության դրդելուց հետո պատրաստակամություն է հայտնել վճարել տուգանքի մի մասը, դրա համար էլ վերջինս վերաքննիչից խնդրել էր գոնե 100 հազարով նվազեցնել տուգանքի գումարը, այն էլ ապարդյուն:

 

 

 

ՎՃՌԱԲԵԿՈՒՄ
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Լեւոն Արազյանի գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կաշառակերության մեջ մեղադրվող նախկին դատավորի պաշտպան Հովիկ Սուքիասյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ, սակայն միջնորդությունը մերժվել էր: Եվ ահա վերջինիս պաշտպանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, թեեւ շատերը հույս չունեն, որ վճռաբեկը դատավորի օգտին որոշում կկայացնի:

 

 

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարվա սկզբից որոշ ապրանքների ու ծառայությունների մասով մաքսատուրքերի բարձրացումն անպայմանորեն չի ենթադրելու, թե տվյալ ապրանքատեսակները թանկանալու են: «2015-ին, երբ անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, որոշ ապրանքների եւ ծառայությունների մաքսատուրքերի մասով բացառություններ ենք ստացել, որոնք պետք է վերանան աստիճանաբար: Մինչեւ 2022թ. աստիճանաբար անցում ենք կատարելու միասնական տարիֆին»,-նշել է նա: Ըստ փոխնախարարի՝ դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է երրորդ երկրներից ներմուծումներին, հետեւաբար դա հնարավորություն է ստեղծելու, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից այդ ապրանքները ներկրվեն Հայաստան արդեն առանց մաքսատուրքերի: «Եթե ներմուծման փոխարինումը կատարվի այնպես, որ այդ ապրանքները ներմուծվեն այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առեւտրի համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես որեւէ ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»,-ասել է Վ. Միրումյանը: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ շրջանակում 2018թ. բարձրանալու են մոտ 200 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնք ազդելու են ՀՀ սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակի վրա:

 

 

 

ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԿԼԻՆԻ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում քաղծառայության համակարգի օպտիմալացումն առնչվել է միայն թափուր տեղերին, բայց ոչ գործող աշխատակիցներին: Օպտիմալացման ընթացքում պահպանվել են քաղծառայության ավելի քան 7 հազար պաշտոններ: Քաղծառայության համակարգի շրջանակում էական ընդլայնում է նախատեսվում, որը կներառի հասարակական ծառայության այլ տեսակներ, որոնք մինչեւ հիմա կարգավորվում էին առանձին օրենքներով: Խոսքը մաքսային եւ հարկային մարմիններում, խորհրդարանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմում, դատախազությունում, դատական դեպարտամենտում եւ քննչական մարմիններում քաղծառայության ներդրման մասին է: «Հայաստանում հասունացել է քաղծառայության ճյուղավորված համակարգի միավորման անհրաժեշտությունը: Միավորման նպատակն է քաղծառայության ճկունության մեծացումը եւ բոլոր մարմինների համար միատեսակ ստանդարտների ու չափանիշների մշակումը»,- նշել է նա: Նշենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրինագիծը կպատրաստվի 2018թ. գարնանը:




Լրահոս