Մենք սրանով կարող ենք 2018 թ. շատ լուրջ ֆիդբեք ստանալ. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում փոփոխվեց համայնքներին սուբվենցիաների տրամադրման ներկայումս գործող կարգը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց, որ ներկայումս համայնքները ներկայացնում են իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ և ՀՀ ՏԿԶՆ:

Հետո քննարկման արդյունքում կայացվում է որոշում, իսկ համապատասխան պետական կառավարման մարմինները ներառում են համայնքների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորումն իրենց տարեկան բյուջետային հայտում և ներկայացնում են ՀՀ ֆինանսների նախարարություն: Լոքյանի խոսքով, կատարվող փոփոխությունների արդյունքում սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի գնահատման միջոցով՝ բարձրացնելով պետական և տեղական բյուջեների ծախսերի արդյունավետությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նշեց, թե արդյունքում ակնկալում են որոշակի արմատական փոփոխություն և ակտիվություն: «Կանխատեսում ենք, որ, եթե համայնքն իր սեփական միջոցներից և այն միջոցներից, որ մենք հատկացնում ենք իրենց, որոշի կապիտալ ծախսեր անի, մենք լրացուցիչ իրեն գումար ենք տալու: Իրականում մենք սրանով կարող ենք 2018 թ. շատ լուրջ ֆիդբեք ստանալ»,- նշեց վարչապետը:




Լրահոս