Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:
2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:
Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
Աղմկարար աքաղաղի տարին հանգիստ չէր աղեղնավոր ձիու համաստեղության տակ ծնվածների համար: Համակարգի ներսում եւ համակարգից դուրս պայքարը անվերջ էր թվում: 2018-ին` հավատարիմ շան տարում, փորձեք չգերագնահատել սեփական ուժերը: Ձեզ կհետապնդեն քաղաքական դատավարությունների պատասխանատվությունն ու կոռուպցիայի դեմ տարվող անվերջանալի պայքարի իմիտացիան:
Աշխատանքում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել դետալներին: Աստղերը խորհուրդ են տալիս գործընկեր կառույցների հետ հարաբերություններում դրսեւորել սկզբունքայնություն եւ խիզախություն: Չէր խանգարի խիզախել նաեւ վերնախավի հետ փոխհարաբերությունների ժամանակ: Անձնական կյանքում առկա կայունությունը գուցե չիշխի նաեւ գործնական դաշտում ողջ տարվա ընթացքում: Ինչպես հայտնի է` շունը դավաճաններին չի ներում:
Շարունակելի… Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը