Նոր նշանակումներն ու դատախազների ահազանգը. համակարգում իրար են խառնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում իրար են խառնվել: Դատախազի մտերիմները նոր պաշտոնների են նշանակվել, ավելին` տառասխալերով գրող օգնականին նոր պաշտոն են տվել:

Նոյեմբերի 20-ին գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել մի խումբ դատախազներ եւ հայտնել, որ ոչ մի դատախազ երբեք դատախազների համար նախատեսված ձմեռային վերարկուները չի կրել, սակայն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին ձմեռային վերարկուներ է պատվիրում:

«ժողովուրդ» օրաթերթը դատախազների բողոքի առնչությամբ դիմեց Դատախազության հանրային կապերի բաժին` հետաքրքրվելով, թե ինչպես կբացատրեն դատախազների մտահոգությունը, թե ինչու են գումարները աննպատակ օգտագործում: Ի պատասխան` հայտնեցին. «Նման մտահոգությունները կամ, այսպես կոչված, ահազանգերը զուրկ են որեւէ հիմքից, վստահ ենք` նաեւ չեն համապատասխանում իրականությանը` նկատի ունենալով, որ դատախազների համազգեստի նկարագիրը, բաղկացուցիչ տարրերը, ինչպես նաեւ համազգեստի կրման ժամանակաշրջանը սահմանվում են ՀՀ Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 441-Ն որոշմամբ, որից հետեւում է, որ դատախազներին ձմեռային վերարկու եւ անձրեւանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ: Ինչպես 2017 թվականին, այնպես էլ 2018 թվականին դատախազների վերարկուների տրամադրման գործընթաց չի իրականացվել, հետեւաբար այդ հագուստը նշված ժամանակահատվածում նրանց չէր կարող հատկացվել:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը` 2019թ. համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց: Այսինքն` տվյալ դեպքում անմտություն է խոսել գումարների աննպատակ ծախսման մասին»:

Այս հրապարակումից հետո դատախազները չեն պատրաստվում լռել:Բանն այն է, որ դատախազների մոտ հարց է առաջացել,որ եթե դատախազները պատվիրված վերարկուները չեն օգտագործում, անգամ չեն պահում, թափում են, արդյոք գումարի աննպատակ օգտագործում չէ՞, եթե անտեսանելի նպատակներ չկան: Բացի այդ, ինչպե՞ս է, որ 2016 թվականին եւ 2019թ. մրցույթը նույն կազմակերպությունն է հաղթում: Արդյոք կոռուպցիոն դրսեւորումներ չկա՞ն:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին դատախազությունից հասած տեղեկությունների համաձայն` Գլխավոր դատախազության վարչությունների թիվն ավելացել է, ու կրկին վարչության պետեր են նշանակվել գլխավոր դատախազի սանիկները: Արդյոք ինքնանպատակ չե՞ն ստեղծվել այս վարչությունները, եւ արդյոք այստե՞ղ էլ գումարների անտեղի օգտագործում չկա:
Մասնավորապես, սեպտեմբերի 27-ին դատախազությունը հայտնեց, որ Դատախազության կոլեգիայի նիստում քննարկված եւ համաձայնեցված սկզբունքներից, նպատակներից եւ խնդիրներից ելնելով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համապատասխան հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաեւ դատախազության ստորաբաժանումների եւ դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ:

Ըստ այդմ` ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը:

Արդյունքում, նոր ստեղծված վարչությունների պետեր են նշանակվել դատախազի սանիկերը: Մասնավորապես, վերջինիս սանիկ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Չախոյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:

Այստեղ դատախազությունում սկանդալային նշանակումները չեն դադարում: Սեպտեմբերի 30-ին հրապարակվեց գլխավոր դատախազի օգնականի դիմումը դատախազների մրցույթին մասնակցելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արմեն Սուքիասյանը նախադասության մեջ բազմաթիվ ուղղագրական սխալների հետ մեկտեղ մրցույթ բառը գրել էր ծ տառով………:

Թվում էր, թե այդ խայտառակությունից հետո Արթուր Դավթյանն իր բարեկամ, աշխատակազմում աշխատող Արմեն Սուքիասյանին աշխատանքից կազատի կամ պաշտոնի նշանակման հարցում շատ զգուշավոր կլինի, սակայն պատկերը այլ է: Մեզ հասած տեղեկություններով` Սուքիասյանը նշանակվել է Ասկերանի դատախազության դատախազ, հրամանը արդեն եղել է:

Քնար Մանուկյան




Լրահոս