Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:
2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Անցնող աքաղաղի տարին ձիու համաստեղության տակ ծնված Տարոն Մարգարյանի համար չափից ավելի հաջողակ տարի էր. դիրքերի ամրապնդում, երկարատեւ ծրագրերի պլանավորում եւ բիզնես նախագծերի իրականացում: Շան տարում խոյին միավորում է հավատարմությունն ու իդեալիզմը: Եթե շարունակեք հավատարիմ, հնազանդ մնալ Ձեր կերպարին, պաշտոնական երկարակեցությունը ապահովված կարելի է համարել:
Աստղերը հուշում են զգուշանալ ֆինանսական հարցերում նախաձեռնողական Ձեր քայլերից. դրանք մի օր կարող են փորձանք դառնալ Ձեր գլխին: Չէր խանգարի շատ շրջագայել ու այլոց փորձը տեղայնացնել, մեկուսացումը լավ բան չէ: Աշխատեք արգելել «պարոն Տարոն» դիմելաձեւը, սիրուն չէ: Հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ ունեցած ընդգծված ուշադիր վերաբերմունքը, ինչպես փողի նկատմամբ սերը, ճաշակի հարց է, բայց հիշեք՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Շարունակելի…
Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը