Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին:
Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
Երեւանի նակին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան
2017թ. աքաղաղի տարին առավել շատ սպասումների ու խոստումների տարի էր, քան ձեռքբերումների: Ձեր առջեւ դրված խնդիրը թեեւ կատարեցիք, սակայն դրա պտուղներից օգտվեցին Ձեր մտերիմներն ու բարեկամները: Հավատարմության խորհրդանիշ շան տարին եւս խոստումնառատ է: Շատ կարեւոր է, թե դրանց որ մասը իրագործելի կդառնա:
Շան տարում այծեղջյուրներին խորհուրդ է տրվում վեճի չբռնվել երկրորդական հարցերի վերաբերյալ, մեծ բավարարվածություն կպատճառեն ոչ թե բիզնես նախագծերը, այլ մտերիմներին ուրախացնելու հնարավորությունները: Տարվա երկրորդ կեսին հնարավոր է կտրուկ շրջադարձ լինի Ձեր կյանքում՝ գործնական իմաստով, բայց եթե այն դարձյալ անձամբ Ձեզ չվերաբերի, ապա կրկին շահած եք դուրս գալու: Գլխավորը չզայրանաք. երիտասարդները շարունակում են վտանգավոր մնալ:
Շարունակելի…
Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը: