Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին:
Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան` Շմայս
Աքաղաղը ձիու տարում ծնվածների համար այնքան էլ հաջողակ չէր: Ասֆալտապատման հսկայական ծախսերը անօգուտ եղան: Ունեցած երբեմնի դիրքը այսօր անհասանելի բարձունք է թվում: Բայց պետք չէ հուսահատվել: Բարի առյուծներին շունը պատրաստ է օգնական դառնալ: Տարին խոստանում է հաջողակ լինել, հանգիստ եւ բեղմնավոր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական բնագավառում, եթե չափավորեք լեքսիկոնը: Արտագաղթելու մասին հաճախ մի մտածեք. այն ապագա չէ: Աստղերը խորհուրդ են տալիս սերտացնել հարաբերությունները «Կույս կանանց միավորման» հետ. գեներալների մարզում դա է արդիական հրամայականը:
Շարունակելի…
Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը: