Հայաստանում ընդունված նոր Սահմանադրությամբ եւս մեր երկրի նախագահը շարունակելու է համարվել պետության գլուխը, սակայն այդ պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ կունենա, եւ նախագահը կընտրվի ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:
Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 211 հոդվածի համաձայն` նոր լիազորություններով նախագահի առաջին ընտրությունները պետք է տեղի ունենան գործողի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածով սահմանվում է, որ նախագահի թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ:
Սա նշանակում է, որ ՀՀ Նախագահի թեկնածուների անունները հայտնի կդառնան մինչև փետրվարի վերջ: Ընտրությունն էլ կնշանակվի մարտին:
ՀՀ ԱԺ կանոնակարգ օրանքի համաձայն` նախագահի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների առնվազն մեկ քառորդը: Տվյալ դեպքում ստացվում է, որ ՀՀ ԱԺ-ում նախագահի թեկնածու կարող է առաջադրել իշխող կոալիցիան` իր 65 պատգամավորներով, եւ «Ծառուկյան» խմբակցությունն` իր 31 օրենսդիրներով:
Իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի եւ առաջին փուլով կընտրվի 79 (պատգամավորների առնվազն 3/4-ը) եւ ավել ձայն ստացած թեկնածուն:
Սակայն մինչ այս պահը, խորհրդարանական ՀՀԿ եւ Ծառուկյան խմբակցությունները չեն շտապում հայտնել ՀՀ նախագահի իրենց թեկնածուի անունը: Միայն Ելք խմբակցությունն է հայտարարել, որ իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն է՝ հույսով, որ ԲՀԿ-ի հետ միասին կկարողանան թեկնածու առաջադրել: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ժամանակը ցույց կտա:
Իսկ ո՞րն է լինելու ՀՀ ապագա նախագահի նստավայրը: Արդեն հրապարակվել է, որ ՀՀ խորհրդանշական նախագահը չի պաշտոնավարելու Բաղրամյան 26-ի հայտնի նախագահական նստավայրում: Այնտեղ կլինի ՀՀ ապագա վարչապետի, իսկ լիազորություններով դե ֆակտո նախագահի նստավայրը: ՀՀ Կառավարության շենքում կպաշտոնավարի ՀՀ առաջին փոխվարչապետը: Իսկ ՀՀ ապագա նախագահի նստավայրը լինելու է Ազգային անվտանգության խորհրդի շենքը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ շենքի ներսում սկսվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Իսկ այժմ այն խիստ վերահսկողության տակ գտնվող կառույց է, որը պետք է պատրաստ լինի նոր նախագահին ընդունել գարնան սկզբին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: