Շախմատի տղամարդկանց եւ կանանց հավաքականները կհամալրվեն նոր կարգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի 11, կանանց պայքարին՝ 10 շախմատիստ:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը armnoc.am-ին տեղեկացրեց, որ այս տարվա առաջնությունները կազմակերպական առումով տարբերվում են նախորդներից.

«Հայաստանի շախմատի ֆեդերացիան նոր որոշումներ է ընդունել՝ կապված ազգային հավաքականների կազմի ձեւավորման հետ: Նախկինում տղամարդկանց եւ կանանց հավաքականներում մեկական թափուր տեղ կար, որը զբաղեցնում էին հանրապետության տվյալ տարվա չեմպիոնները: Այս կարգը պահպանվում է տղամարդկանց ընտրանու երեք անդամների համար: Հայաստանի չեմպիոնը մտնում է հավաքական, սակայն ավելացել է եւս մի թափուր տեղ, որը ֆեդերացիայի որոշմամբ զբաղեցնելու է մրցաշրջանի առաջին մի քանի ամիսներին տարբեր մրցաշարերում առավել հաջող հանդես եկող շախմատիստը:

Կանանց համար փոփոխությունները մի փոքր ավելի էական են, թեեւ սկզբունքը նույնն է: Այստեղ հավաքականում մնացել է երկու ամրագրված տեղ միայն մեր առաջատարներ Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի համար: Հայաստանի այս առաջնությանը պիտի մասնակցեն նաեւ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը, որոնք վերջին տարիներին մշտապես տեղ են ունեցել կանանց ազգային հավաքականում: Նրանք մյուսների հետ պետք է պայքարեն ընտրանիում տեղ զբաղեցնելու համար: Այս հանգամանքը կանանց առաջնությունում միջազգային կարգի վարպետի նորմա սահմանելու հնարավորություն է ընձեռել», – ասաց Աշոտ Վարդապետյանը, որը 13-րդ անգամ է որպես գլխավոր մրցավար սպասարկելու Հայաստանի առաջնությունները:

Հայաստանի առաջնությունների մասնակիցներ:

Տղամարդիկ. Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Կարեն Գրիգորյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան:

Կանայք. Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան, Սոնա Ասատրյան, Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան, Նարե Առաքելյան:




Լրահոս