2017 թվականի դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից Սյունիքի մարզի «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտի արդյունքում կազմված աուդիտորական հաշվետվությունը: 2017թ. դեկտեմբերի 29-ին աուդիտորական հաշվետվությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու ցուցումով, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2013թ. կնքվել է ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր, համաձայն որի ՀՀ Սյունիքի մարզի «Շենաթաղի հիմանական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման է տրամադրվել համայնքային սեփականություն հանդիսացող մշակույթի տան և հողամասի մի մասը: Բայց պայմանագրի ստորագրման պահին և առ այսօր միջոցներ չեն ձեռնարկվել օրենքով սահմանաված կարգով դպրոցի կողմից հիմնական և տարրական հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու ուղղությամբ: Արդյունքում «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն իր գործունեությունն իրականացրել է առանց պարտադիր համարվող վերը նշված լիցենզիայի:
Հաշվի առնելով հայտնաբերված իրավախախտումը՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը դիմել է ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ հանձնարարելու պարզել Սյունիքի մարզի տարածքում առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող այլ կրթական հաստատությունների առկայությունը, իսկ այդպիսիք լինելու դեպքում միջոցներ ձեռնարկել դրանց, ինչպես նաև վերոնշյալ դպրոցի լիցենզավորման գործընթացն ապահովելու ուղղությամբ: Մարզի դատախազն առաջարկել է նաև քննարկման առարկա դարձնել այս հարցում իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս թերացած իրավասու պաշտոնատար անձանց հանդեպ կարգապահական միջոցներ ձեռնարկելու հարցը: