Շուրջ 6 ամիս տեւած քննությունից հետո Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն որոշեցին չպատժել: Ու «զարմանալիորեն» նախաքննությունը իրականացնող մարմինը՝ քննչական կոմիտեն, քաղաքապետի որդու մասնակցությամբ գործը կարճեց 2017թ. դեկտեմբերի 29-ին, երբ հասարակության ուշադրությունը շեղված էր տոնական տրամադրություններով:
Հիշեցնենք, որ 2017թ. հունիսի 8-ին Ա.Դանիելյանի որդին` 16-ամյա Ռազմիկ Դանիելյանը, վերցրել էր քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան եւ վրաերթի ենթարկել իր մասնագիտական պարտականությունը կատարող, «Գազպրոմ Արմենիայի» աշխատակից Վալերի Թորոսյանին, որը գիտակցության չգալով` մահացել էր: Քաղաքապետի որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր.օր. 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Հարց է առաջանում, թե ո՞վ պետք է պատասխան տա անչափահաս տղային ծառայողական մեքենան տրամադրելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց. «Հանցակազմի առկայության մասով չեմ կարող դատողություններ անել՝ առանց գործի նյութերին ամբողջական ծանոթանալու: Բայց ունենք փաստ, որ այդ տղան իր հոր ծառայողական մեքենայով է ավտովթարի մեջ ընկել, փաստ է, որ ծառայողական ավտոմեքենայով ազատ շրջել է: Նորմալ երկրներում, որտեղ իշխանությունը հաշվետու է իր ժողորդին, այս պաշտոնյան հենց միայն այդ փաստով արդեն չէր աշխատի այդ պաշտոնում: Ավելին` որդու գործողությունները, եթե իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում, գոնե այն, որ նա ապօրինաբար երթեւեկել է իրեն չպատկանող եւ իրեն օրինական ճանապարհով չտրամադրված ավտոմեքենայով, ինչը որոշակի իրավական գնահատկանի պետք է արժանանար: Բայց, ցավոք, մեր երկրում ավանդույթ է դարձել, որ արդարադատությունը իրականացվում է ընտրովի»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան