2018-ի հանձնարարականները՝ բացթողումներով լի 2017-ի ֆոնին. մշակութային ո՞ր խնդիրների լուծմանը պետք է առաջնահերթություն տա Արմեն Ամիրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականին մշակույթի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կոնտեքստում հնչեցին բազմաթիվ խոստումներ, որոնցից շատերը` միայն օդում: Գրանցվեցին ձեռքբերումներ, սակայն ընդհանուր առմամբ մշակութային տարին ամփոփելիս պատկերն այնքան էլ հուսադրող չէր: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է մի քանի նկատառումներ, որոնք նախարար Արմեն Ամիրյանը պետք է հաշվի առնի 2018-ին իրականացնելիք գործունեության շրջանակում:

Պետք է պատասխանատվության ենթարկել

2017 թվականը պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասով ձախողման տարի էր: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ 7 հուշարձանի վերականգնման մասով եղել են բացթողումներ. «Հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի պատճառով շինարարության մեկնարկի ժամկետը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր ամիս: Բնականաբար մեկ-երկու ամսում մենք չէինք կարող իրականացնել այնպիսի հսկայական ծավալ, ինչպիսին նախապես պլանավորված էր: Կային նաեւ թերացումներ շինարարների կողմից»,-ասաց նա: Ամենաուշագրավն այն է, որ նման անհուսալի պատկերի ֆոնին Ամիրյանը փորձեց «լուսավոր» կետ տեսնել. «Թափանցիկ ու բաց վերահսկողությունն ամենակարեւոր ձեռքբերումն էր, որ կարողացանք իրականացնել անցնող տարվա ընթացքում, արձանագրել այն բոլոր ցավոտ, հիվանդոտ կետերը, որ մենք ունենք, որպեսզի հաջորդիվ դրանք չկրկնվեն»: Փաստորեն, այս ոլորտի միակ ձեռքբերումն այն էր, որ նախարարին հաջողվեց հայտնաբերել, ինչպես ինքն է ասում, հիվանդոտ կետերը: Նկատենք, որ Ամիրյանը տվեց ախտորոշումը, իսկ հիվանդոտ կետերի առաջացման պատճառների մասին հնչեցին լղոզված ձեւակերպումներ: Այնինչ` «հիվանդության» պատճառները գտնելն ու վերացնելը պետք է լիներ թիվ մեկ քայլը: Այն, որ ոլորտի պատասխանատուները պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտավորությունները, ակնհայտ է: Բայց այդ մասին ոչ մի խոսք. ըստ նրա` մեղավորը շինարարներն են: Այնինչ` 2018 թվականին այս ոլորտում նման ձախողումներից խուսափելու համար Ամիրյանը պետք է խորքային լուծում տա խնդիրներին եւ ոլորտի ներկայացուցիչներին անգործության մատնվելու համար ենթարկի պատասխանատվության:

Կիսատը ավարտել, հաշվետվություն պահանջել, ազգայինը խրախուսել

Նախորդ տարեսկզբին մշակույթի նախարարությունը հայտարարեց կինոոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին: Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվեց Շուշանիկ Միրզախանյանը` ազատվելով «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պաշտոնից: Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար նշանակվեց ԱՄՆ-ից ժամանած պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը: Ամիրյանը վստահեցրեց, որ ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտը կարող է դրական լուրջ տեղաշարժեր իրականացնել ոլորտում: Այնինչ` այդ ինստիտուտն, ըստ էության, մինչ օրս ձեւավորված չէ: Արսեն Բաղդասարյանի ծրագրերի մասին արդեն մեկ տարի է` ոչ մի հստակ տեղեկատվություն չի տրվում: Բաց ու թափանցիկ աշխատելու մասին խոստումները մնացին օդում: Պետական աջակցությամբ նկարահանվող ֆիլմերը տարիներ շարունակ մնում են անավարտ: Կինոկենտրոնի ղեկավարությանը չի հաջողվում ֆինանսներ հայթհայթել` նախագծերն ավարտին հասցնելու համար: Օրինակ` Հ. Գալստյանի «Մետամորֆոզներ» ֆիլմին պետությունը մոտ 90 միլիոն դրամ է հատկացրել, եւ ընդամենը 9 րոպե տեւողությամբ տեսաշար է ներկայացվել: Ուստի 2018-ին նախարարության առաջին հանձնարարականը պետք է լինի պետական գումարները ծախսելու հարցում պատասխանատվության մեխանիզմի մշակումը:

2017թ.-ին սկսվեց «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ տարվել: Օրենքի դրույթները, սակայն, մի շարք կինոգործիչների կողմից արժանացան բուռն քննադատության: Նրանց խոսքով` դա պարզապես լավ բիզնես ծրագիր է արտասահմանյան կինոարտադրողների համար: Այս տարի մշակույթի նախարարության գործունեության առանցքային կետերից մեկը պետք է լինի այնպիսի օրենքի մշակումը, որը կնպաստի ազգային կինոյի զարգացմանը:

Տարբերակել առեւտրայինը ոչ առեւտրայինից

2017-ին պետությունը բարձրացրել է թատրոնների տարեկան շահույթի չափը, փոխարենը պակասել է թատրոնների սուբսիդավորումը: Այնինչ` ոլորտի գործիչները պնդում են, որ ավել շահույթ ակնկալողը պետք է ավել ներդրում անի. այլ ճանապարհ չկա: Այն, որ թատրոնները իրենց միջոցներով կարողանում են արտաբյուջետային միջոցներ կուտակել, դա, բնականաբար, գովելի է, սակայն նախարարությունը պետք է հաշվի առնի, որ դրանք առեւտրային կազմակերպություններ չեն, մշակութային օջախներ են, որոնք եթե առաջնորդվեն բիզնես-մտածողությամբ, արվեստի մասին խոսելը կդառնա ավելորդ: Ուստի 2018-ին մշակույթի նախարարությունը պետք է վերանայի մշակույթի կապիտալիզացմանը միտված իր տեսլականը եւ փորձի արժեւորել մշակութային արտադրանքը:

Ֆորմալ լուծումների փոխարեն ֆունդամենտալ աշխատանք

Գրականության ոլորտում բարեփոխումների, մասնավորապես գրականությունը եւ ժամանցը համատեղելու հարցում նախարար Արմեն Ամիրյանն առանձնացրեց «Գրաբուս» ծրագիրը եւ Ստանիսլավսկու թատրոնի առջեւում մեծ գրախանութ բացելու պլանը: Այնինչ` ոլորտի մի շարք կարեւորագույն խնդիրներ մնում են չլուծված: Հայաստանում գրքի համար ավելացված արժեքի հարկը չի նվազում, գրքի շուկա այդպես էլ չի ստեղծվում, մեր երկիր ներմուծվող տպագրության համար հումքը` թուղթ, ներկ, տպաձեւեր, եւ այլն, սահմանին թանկանում է 20-32%-ով, իսկ պատրաստի գիրքը, օրինակ` Թուրքիայից ներմուծելու դեպքում, ազատված է բոլոր տիպի հարկերից եւ տուրքերից: Այնպես որ, տեղին կլինի, եթե 2018-ին մշակույթի նախարարը կառավարությանը կոնկրետ ծրագրեր ներկայացնի նշյալ ֆունդամենտալ խնդիրները լուծելու ուղղությամբ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս