Ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանը կրկին մնա. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը նախօրեին վարչության նիստ է անցկացրել, որը վարել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջերս կրկին Հայաստան էր վերադարձել: «Ժողովուրդ» օրաթերթը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցել է առաջիկա ներքաղաքական զարգացումների եւ կուսակցության գործունեության մասին:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ հարցեր են քննարկվել կուսակցության վարչության նիստում:

-Նախօրեի նիստում քննարկել ենք ներքաղաքական, կուսակցական, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

-Առաջիկայում ներքաղաքական զարգացումներ են սպասվում՝ նախագահի, վարչապետի ընտրություններ: Այդ հարցերը քննարկե՞լ եք:

-Դրանք ակտիվ զարգացումներ չեն, շարունակություն են: Իսկ ակտիվ զարգացումները եղել են 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Հիմա ընդամենը հետեւանք է: Ակտիվ էին խորհրդարանական ընտրությունները, որ ընդդիմությունը պետք է միասնական հանդես գար, որպեսզի այս վիճակը չլիներ: Հիմա հետեւանք է, արդեն անցել, վերջացել են, էլ ինչ քննարկենք: Ակտիվ է միգուցե իշխանության մի քանի ներկայացուցիչների համար, բայց դա հասարակության հետ ինչ կապ ունի:

-«Ժառանգություն» կուսակցությունը չունի՞ իր դիրքորոշումը վարչապետի կամ նախագահի ընտրությունների գործընթացի շուրջ:

-Ինձ դա բացարձակ չհետաքրքրող հանգամանք է, քանի որ ով լինի, ոչ մի փոփոխություն չի լինի, դա մեկ: Երկրորդը՝ ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանը կրկին մնա:

-Սակայն Դուք միշտ դեմ եք եղել իշխանության վերարտադրմանը:

-«Ժառանգությունը» ոչ թե դեմ է եղել Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, այլ մենք դեմ ենք եղել ոչ ժողովրդավարական ընտրություններին, կողմ ենք եղել արմատական բարեփոխումների: Մենք անձի խնդիր երբեւիցե չենք բարձրացրել, մեզ համար համակարգն է կարեւոր եւ ընտրության ձեւը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ ընտրություններով չէ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է:

-Ապրիլին տեղի ունեցող զարգացումները հնարավո՞ր է` «Ժառանգությանը» փողոց դուրս բերի:

-Մեզ միայն արմատական բարեփոխումների խնդիրն է հետաքրքիր, որը պետք է սկսի իշխանափոխությունից: Առաջին հերթին դրա համար ժողովրդի, հասարակության ակտիվ աջակցությունն է պետք: Իսկ դա կարող է լինել, երբ որ ընդդիմությունը միասնական կպայքարի, որովհետեւ որեւէ ուժ առանձին ոչինչ չի կարող անել:

-Օրինակ` «Ելք» դաշինքը նախաձեռնել է թանկացումների դեմ ուղղված բողոքի ակցիա, սակայն իրենք էլ նշում են, թե ժողովրդի աջակցության դեպքում պատրաստ են իշխանափոխության գործընթաց եւս նախաձեռնել: Այդ դեպքում ինչո՞ւ չմիացաք նրանց:

-Մենք որեւէ մեկին միանալու խնդիր չունենք: Եթե իրենք ցանկանում էին, որ միասնական գործունեություն իրականացնենք, յուրաքանչյուր քաղաքական ուժ գիտի, որ մինչեւ գործողություն իրականացնելը, իր հավանական գործընկերներին ինքն ասում է, քննարկում են, որպեսզի համատեղ գործունեություն իրականացնեն: Դա տեխնիկական առումով, իսկ ինչ վերաբերում է իրենց քաշած օրակարգին, ապա դա իրենց օրակարգն է, թող գնան, դա կյանքի կոչեն: Մեր օրակարգում թանկացումների խնդիրը չէ, այլ դրա պատճառներն են: Ակցիզային հարկը պատճառ չէ, այլ պատճառն այն է, թե մոնոպոլ տնտեսությունն ինչքան է ազդում գների վրա, պատճառն այնն է, որ վեց մլրդ-ից ավել արտաքին պարտք ունենք, եւ դրա սպասարկման համար է նաեւ այդ հարկը բարձրացվում: Մենք պետք է ազատ տնտեսական դաշտ ստեղծենք:

-Այսինքն` եթե «Ելք» դաշինքն այլ օրակարգ առաջ քաշեր, միգուցե միանայի՞ք:

-Այս պահին այն օրակարգը, որ իրենք քաշել են առաջ, որեւէ կերպ չի համընկնում մեր քաղաքական օրակարգի հետ: Մենք պատճառներն ենք ուզում վերացնենք, այլ ոչ թե հետեւանքը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս