Ղարաբաղի հարցում ակտիվությո՞ւն կլինի. ինչ տվեց արտգործնախարարների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության հարցում տարեսկզբից տեղաշարժեր են նկատվում: Նախ ՄԱԿ-ի գլխավոր  քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նշել է 2018 թվականին 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են պահանջվում: Գուտերեշը առաջնահերթությունների շարքում ընդգրկել է Արցախի հակամարտության կարգավորումը և դրա ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը նոր թափ հաղորդելը:

«Հարկավոր է պատասխանել ազգայնականության ալիքին, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդյան ձևաչափին» և Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- հայտարարել է Գուտերեշն իր ելույթում:

Եվ ահա երեկ Կրակովում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ուշագրավ է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հայտարարությունը` ընդլայնման շուրջ համաձայնության վերաբերյալ:

«Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը` ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը»,- ասվում է հայտարարությունում։

Սակայն հաշվի առնելով, որ հակամարտության մյուս կողմն Ադրբեջանն է, ով սովոր է ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարել, չպետք է մեծ հույսեր կապել, թե դրանք կկատարվեն: Բավական է հիշել, որ Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի  պայմանավորվածությունները մինչ օրս չեն կատարվել:




Լրահոս