Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ՀՀ Նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում առաջարկն ընդունելու համար ժամանակ էր խնդրել և պատրաստակամություն հայտնել որոշում ընդունելուց առաջ հանդիպել քաղաքական տարբեր ուժերի և հանրության լայն շրջանակները ներկայացնող գործիչների հետ: