Հարց քաղաքացիներից` երեխային խնամելու ժամանակահատվածն արդյո՞ք հաշվառվում է աշխատանքային ստաժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` երեխային խնամելու ժամանակահատվածն արդյո՞ք հաշվառվում է աշխատանքային ստաժում: Եվ խնդրում եմ ներկայացնել աշխատանքային ստաժի հաշվարկման մանրամասները:

Գոհար Խաչատրյան (34 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի: Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հայտնում ենք, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի: Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, աշխատանքային գրքույկի կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ այն չլինելու դեպքում` դատական կարգով:




Լրահոս