Իջևանի քրեականի պետը և խոշտանգված 19-ամյա տղան. գործընկերներն օգնության կհասնե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարությունը: Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»):

Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ Մարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում` ասելով, որ ինքը չի խոշտանգել Ժորա Սիմոնյանին: Նա համոզված է, որ քրեական գործը սարքել են, քանի որ ինքը պայքարել է ապօրինի անտառհատումների դեմ, որոնցով զբաղվել են նաեւ քրեական գործով տուժող, Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչներ Ժորա Սիմոնյանը եւ վերջինիս հայրը` Գարսիկը:

Գ. Մարդանյանի քրեական գործով դատավարության երկրորդ` հունվարի 23-ի նիստում Գերասիմ Մարդանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ալիխանյանը ներկայացրեց քրեական գործով ականատես վկաներ, ոստիկանության աշխատակիցներ Հրանտ Խանզրատյանին եւ Արա Աստանյանին որպես վկաներ դատակոչելու եւ նրանց տված ցուցմունքները, տուժող Ժորա Սիմոնյանի հետ առերեսման արձանագրությունը, որպես քրեական գործի ապացույց ճանաչելու վերաբերյալ միջնորդություն:

Հ. Խանզրատյանը եւ Ա. Աստանյանն իրենց ցուցմունքներում, նաեւ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում անցկացված ծառայողական քննության ժամանակ տված բացատրության ժամանակ նշել են, որ Գ. Մարդանյանը Ժ. Սիմոնյանին չի խոշտանգել:

Փաստաբան Ռ. Ալիխանյանը նշեց, որ Ժորա Սիմոնյանի հարազատները որպես վկաներ դատակոչված են, իսկ ականատես վկաներ Հ. Խանզրատյանը եւ Ա. Աստանյանը` ոչ: Նա ասաց, որ Գերասիմ Մարդանյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն պատճառաբանությամբ, որ շարունակելով պաշտոնավարել` կարող է ազդել վկա ոստիկանների ցուցմունքների օբյեկտիվության վրա, մինչդեռ նշված ոստիկաններին որպես վկա չեն դատակոչել:

Մեղադրող, Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը եւ Ժորա Սիմոնյանն առարկեցին այդ միջնորդության դեմ: Դատավոր Զոյա Զաքինյանը միջնորդությունը բավարարեց մասնակի` որոշելով որպես վկաներ դատակոչել Հ. Խանզրատյանին եւ Ա. Աստանյանին:

Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 9-ին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ նիստին կմասնակցի քրեական գործով մեղադրանք առաջադրած ՀՀ գլխավոր դատախազության դատախազը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս