Կարագ ներկրողները խուճապահար են. կարագի սպառման ծավալներն անկում են ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կարագի շուկան դեռ չի շտապում արձագանքել միջազգային գներին: Թեեւ միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամն արժի 4.8 դոլար, այնուամենայնիվ, մեր հանրապետությունում այն վաճառվում է ավելի քան 9.2 դոլարով` մոտ 4.4 դոլարով ավելի:
Նկատենք, որ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել անցած տարվա նոյեմբեր ամսից: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նոյեմբերի 21-ի դրությամբ միջազգային շուկայում կարագի մեկ կգ-ը վաճառվել է 5.1 դոլարով, դեկտեմբերի 17-ին` 4.5 դոլարով, դեկտեմբերի 19-ին` 4.4 դոլարով, հունվարի 2-ին` 4.5 դոլարով, հունվարի 16-ին` 4.8 դոլարով: Բայց կարագի միջազգային այս գնանկմանը անհաղորդ է մեր ներքին շուկան: Հակառակը` մեր հանրապետությունում կարագի տեսակ կա, որը, չնայած միջազգային շուկայում արձանագրված գնանկմանը, թանկանում է:

Իսկ կարագի տեսակ էլ կա` էժանանում է, բայց չնչին: Օրինակ` «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 4680 դրամով` 9.75 դոլարով: Մինչդեռ օրեր առաջ այս տեսակի կարագի մեկ կիլոգրամն արժեր 4510 դրամ` 9.4 դոլար: Իսկ ահա նոր զելանդական տեսակի կարագի մեկ կգ-ը, հակառակը, 20 դրամով էժանացել է, եւ այն հիմա վաճառվում է 4410 դրամով` 9.2 դոլարով:

Ստացվում է, որ մեր ներքին շուկան միջազգային գների բարձրացմանն արագ է արձագանքում, եւ տվյալ ապրանքատեսակը մեկ-երկու օրվա մեջ թանկանում է, իսկ գնանկման դեպքում ամիսներ անց է միայն արձագանքը հասնում տեղ: Ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` կարագի գների միջազգային անկումը չի կարող անմիջապես անդրադառնալ տեղական շուկայի գների վրա այնպես, ինչպես թանկացումը եւս անմիջապես չի անդրադարձել մեր շուկայի վրա:

«Ժողովուրդ»-ին ՏՄՊՊՀ-ից տեղեկացրին նաեւ, որ միջազգային վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ նոր զելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թվականի մայիսից, որի ազդեցությունը ՀՀ կարագի շուկայում արձանագրվել է միայն 4 ամիս անց` սեպտեմբերից: Ըստ այդմ, Fonterra ընկերությունը, որը հանդիսանում է նոր զելանդական կարագի հիմնական մատակարարը, 2016-2017թթ ընթացքում ամենաբարձր գինը սահմանել է 2017-ի հուլիսին` 1 տոննան շուրջ 6000 դոլար, որի ազդեցությունը ՀՀ կարագի մանրածախ շուկայում արձանագրվել է անցած տարվա նոյեմբերին` 1կգ կարագի գինը դարձել է շուրջ 4520 դրամ:

Բայց ՏՄՊՊՀ-ն սպառողներին տեղեկացրել է, որ միջազգային շուկայում կարագի գների նվազումը առաջիկայում, նոր ձեռքբերումներին զուգահեռ, կանդրադառնա նաեւ մեր մանրածախ շուկայի գնի վրա: Հաշվի առնելով ժամանակային լագը, որն իր ազդեցությունը մշտապես ունենում է թե՛ միջազգային գների բարձրացման եւ թե՛ նվազման ժամանակ, առաջիկա 2-3 ամիսների ընթացքում գնանկումը կանդրադառնա նաեւ տեղական շուկայի վրա:

Իսկ մինչ այդ կարագի գնի բարձրացումը իր բացասական հետեւանքներն է թողել ե՛ւ ներկրման, ե՛ւ իրացման ծավալների վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին երրորդ երկրներից Հայաստան ներկրվել է 424 տոննա կարագ: Ինչպես հայտնի է` Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ եւ արտադրողներ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ներկրողներն են «Դուստր Մարիաննա», «Մառնիկ», «Արման ընդ պարտներս», «Արդիս», «Լակտալիս Արմ» ընկերությունները:

Ըստ որոշ տեղեկությունների` ընկերություններ կան, որոնք բարձր գնի պատճառով նախատեսվածից ավելի քիչ քանակությամբ կարագ են ներկրել նախորդ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ավելին` կարագ ներկրող որոշ տնտեսվարողների մոտ արդեն խուճապ է սկսվել: Պատճառը կարագի սպառման ծավալների անկումն է:

Բանն այն է, որ կարագի գնի բարձրացման պատճառով շատ տնտեսվարողներ ուղղակի հրաժարվել են ներկրողներից գնել այն քանակությամբ կարագ, ինչ նախկինում են գնել: Ավելին` անգամ արտադրությունները, որոնք եւս ժամանակին ներկրողներից մեծ քանակությամբ կարագ են գնել, նվազեցրել են կամ էլ փոխարինել են ավելի էժան գին ունեցող կարագով: Բացի այս` ներկրողները մեկ այլ խնդրի առաջ են կանգնել. թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել եւ պահեստավորված են, առաջիկայում ներքին շուկայում չեն կարողանա «խելամիտ» գնով իրացնել: Չէ՞ որ անցած տարվա վերջին կիսամյակի եւ 2018 թվականի տնտեսական կանխատեսումների համաձայն` ԵՄ-ի եւ Ավստրալիայի կաթի եւ կարագի արտադրության ծավալները աստիճանաբար աճում են, ինչը նպաստում է կարագի գնի իջեցմանը:

Ֆրանսիայից եւ Ուկրաինայից կարագ ներկրող տնտեսվարողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Ուկրաինայում ընկերություններ կան, որոնք հիմա մոտ 16 տոկոս ցածր գնով են կարագ առաջարկում: «Բայց մենք դեռ նոր պետք է պատվեր ուղարկենք, գումար փոխանցենք, ինչին կհաջորդի ապրանքի ներկրումը: Այսինքն` ցածր գնով կարագ մի փոքր ուշ Հայաստան կմտնի, որովհետեւ դեռ նախորդ տարվանից բարձր գնով ներկրած խմբաքանակ կա պահեստավորված»,- նկատեց գործարարը: Իսկ Ֆրանսիայում դեռ չեն պատրաստվում կարագի գները նվազեցնել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս