Շեֆից հարուստը. Արթուր Օսիկյանի հետ իրերն է հավաքում նաև տեղակալը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատվելու տեղեկությունները երեկ պաշտոնապես թեեւ չէին հաստատվել, սակայն լուրեր կային, որ նրա հետ իրերն է հավաքում նաեւ տեղակալը՝ Արսեն Համբարձումյանը, որը բոլոր պաշտոններում կրնկակոխ հետեւել է Օսիկյանին։ Երբ վերջինս դարձավ փոխոստիկանապետ, Համբարձումյանը նշանակվեց Օսիկյանի օգնական։ Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքները համակարգելու ժամանակ էլ Համբարձումյանն ОВИР-ի պետի տեղակալ նշանակվեց։ Ի դեպ, երբ տարիներ առաջ անձնագրային վարչությունում ստուգումներ եղան, չարաշահումներ եւ թերացումներ հայտնաբերվեցին, Համբարձումյանին մի կերպ հաջողվեց խուսափել ազատման վտանգից:

Մինչդեռ վարչության պետը՝ Նորայր Մուրադխանյանը, իր երկու տեղակալներով լքեց վարչությունը: Որքան էլ տարօրինակ թվա, բայց միայն պետական պաշտոն զբաղեցնող, ՔԿՎ պետի տեղակալ Համբարձումյանն ավելի հարուստ է, քան նրա շեֆը։ Վերջին հայտարարագրում նրա տարեկան եկամուտները կազմել են 200 հազար եվրո եւ 50 հազար դոլար, իսկ Օսիկյանինը՝ մոտ տասն անգամ քիչ՝ 15 մլն դրամ եւ 12 հազար դոլար։ Երեկ արդեն տեղեկություններ կային, որ Օսիկյանը կվերադառնա ոստիկանություն, որտեղից 2014-ին է տեղափոխվել ՔԿ վարչություն։ Ոստիկանապետի տեղակալներից Գագիկ Համբարձումյանը թոշակի է անցնում եւ կհեռանա համակարգից»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս