Շատ ավելի ակտիվ եմ և ագրեսիվ. Սուրեն Շահվերդյանը՝ թանկացումների, Արմեն Սարգսյանի և առաջիկա պրեմիերայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում կկայանա Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» ներկայացման պրեմիերան, բեմադրիչը Սուրեն Շահվերդյանն է։ Ներկայացման մեջ ընդգրկված են նաեւ Ստեփան Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանն ու Արամոն։

«Ժողովուրդ»-ի հիշեցմանը, որ դեռեւս 20 տարի առաջ այդ պիեսը բեմադրվել էր Սունդուկյան թատրոնում եւ հարցին, թե ինչով է տարբերվելու Սուրենի բեմադրությունը, վերջինս պատասխանեց․ «20 տարի առաջ եւս ես էի բեմադրել այդ գործը, դա իմ դիպլոմային աշխատանքն էր, իսկ գեղարվեստական ղեկավարը հայրս էր՝ Վահե Շահվերդյանը։ Դրանից հետո էլ 2008 թվականին այդ պիեսը բեմադրել եմ Ռումինիայում։ Այնպես որ երրորդ անգամ եմ անդրադառնում դրան։ Այս նոր ներկայացման մեջ բոլորովին այլ մոտեցում եմ ցուցաբերել, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հիմա ժամանակի պահանջները փոխվել են։ Նելլի Խերանյանն ու Մուրադ Ջանիբեկյանն իրենց ժամանակի համար հիանալի են կատարել իրենց գործը, դրանից հետո, միանշանակ, դժվար է տպավորություն գործելը, բայց պետք է ասեմ, որ Լուիզայի եւ Ստեփանի դերակատարումը եւս պակաս հետաքրքիր չէ»։

Սուրենը նաեւ տեղեկացրեց, որ «Տրամվայ «Ցանկության» պրեմիերայից հետո անմիջապես մեկնելու է Ռումինիա՝ բեմադրելու Պրոսպեր Մերիմեի «Կարմենը»։

Մենք հետաքրքրվեցինք՝ Ռումինիայի՝ թատրոնների նկատմամբ վարած պետական քաղաքականությունն արդո՞ք իրեն գոհացնում է, եւ այդ առումով սովորելու ինչ ունենք մենք․ «Ռումինիայում թատերարվեստը շատ լուրջ պետական աջակցություն ունի, պետությունը լուրջ ներդրումներ է անում արվեստի զարգացման ուղղությամբ։ Հայաստանում, օրինակ, հանրությունը ավելի շատ հաճախում է, այսպես ասած, ֆասթ-ֆուդ հանրամատչելի ներկայացումների, իսկ այնտեղ արտհաուս ներկայացումներն են ուշադրություն գրավում։ Ռումինիայում զարգացած է թատրոն այցելելու կուլտուրան, այնտեղ շատ դժվար է ներկայացման տոմս գտնել»,-մեկնաբանեց բեմադրիչը։

Դիտարկմանը, թե վերջին շրջանում խուսափում է հայտնել իր քաղաքացիական դիրքորոշումը այս կամ այն սոցիալական, քաղաքական խնդրի առնչությամբ, Սուրենը հակադարձեց․ «Սոցիալական խնդիրներից այս պահին ինձ ամենաշատը անհանգստացնում են թանկացումները։ Իսկ, առհասարակ, եթե դիտեք իմ հաղորդումները, կտեսնեք, որ ես շատ ավելի ակտիվ եմ եւ ագրեսիվ»։

Աննա Բաբաջանյան




Լրահոս