Հենց էդ օրենքն ուժի մեջ մտավ, ես էլ չեմ ծխելու, որովհետեւ փող չունեմ. Նապոլեոն Ազիզյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության՝ «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծն արդեն հասցրել է լայն քննարկումների առարկա դառնալ` արժանանալով ծխողների դիմադրությանը: Բանն այն է, որ այս նախագծով առաջարկվում է ծխելու արգելք սահմանել բոլոր փակ տարածքներում անխտիր: Մինչդեռ գործող օրենսդրությամբ` այդ արգելքն ընտրովի է: Միաժամանակ ծխելու դեպքում օրինագծով առաջարկվում է քաղաքացիների նկատմամբ կիրառել հետեւյալ տուգանքները. մեքենայում` 50.000 դրամ, տրանսպորտում, տաքսու մեջ` 100.000 դրամ, վերելակում, գրասենյակում, սրճարանում` 250.000 դրամ: Այլ տուգանքներ. հատով ծխախոտի վաճառքի համար` 300.000 դրամ, դպրոցին 100 մետրից մոտ վաճառքի համար` 500.000 դրամ, ծխելն արգելող նշան չտեղադրելու համար` 100.000 դրամ, ղեկավարին` տարածքում ծխելը չարգելելու համար` 500.000 դրամ, իսկ ծխախոտի գովազդի համար` 700.000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ պատգամավորներից փորձեց հետաքրքրվել՝ ինչպե՞ս են վերաբերվում այս նախագծին եւ ինչպե՞ս կքվեարկեն, երբ այն բերվի խորհրդարան:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը եւս ակտիվ ծխողների շարքում է: Ու «Ժողովուրդ»-ի հարցին՝ արժի արդյոք ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել, պատգամավորն ասաց. «Եթե մի բան արվում է ժողովրդի առողջության համար, իհարկե, արժի: Եվ մարդկանց երեւի 90 տոկոսի գրպանների վրա որ ազդի, կամաց-կամաց էլ չեն ծխի»:

Դիտարկմանը, թե պատգամավորն ինքը ծխող է, Ազիզյանն ասաց. «Հա՛, հենց էդ օրենքն ուժի մեջ մտավ, ես էլ չեմ ծխելու, որովհետեւ փող չունեմ, որ տանեմ, մուծեմ»:

Գործիչը նաեւ վստահություն ունի, որ տուգանքը բոլորի վրա տարածվելու է` անկախ դիրքից ու պաշտոնից. «Ինչ կապ ունի` քաղաքական գործիչ է, թե ինչ: Իհարկե, գործելու է: Ես հիմա` իմ կաբինետում նստած, ծխում եմ, բայց այն ժամանակ արդեն պիտի անհարմար զգամ ծխելու, քանի որ կտեսնեմ, որ շատ մարդիկ չեն ծխում, տգեղ է: Ինչ չափի տուգանք էլ լինի, ավելի լավ է` մարդիկ չծխեն, որպեսզի չտուգանվեն եւ որեւէ մեկից կախված չլինեն»:

Ազիզյանը համամիտ է այն մտքին, որ շատ մարդիկ, ովքեր երկար տարիներ ծխում են, չեն պատկերացնում իրենց առօրյան` առանց ծխելու: Ազիզյանը նշեց, որ ինքն էլ այդ մարդկանց թվում է, սակայն ստիպված է լինելու թողնել ծխելը: «Նախ անհարմար է, երկրորդն էլ` այդ գումարը կտանեմ, թոռնիկիս կտամ»,-շեշտեց պատգամավորը:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս