Թող բոլորն էլ չծխեն, ի՞նչ է պատահել որ. Վարդան Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության՝ «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծն արդեն հասցրել է լայն քննարկումների առարկա դառնալ` արժանանալով ծխողների դիմադրությանը: Բանն այն է, որ այս նախագծով առաջարկվում է ծխելու արգելք սահմանել բոլոր փակ տարածքներում անխտիր: Մինչդեռ գործող օրենսդրությամբ` այդ արգելքն ընտրովի է: Միաժամանակ ծխելու դեպքում օրինագծով առաջարկվում է քաղաքացիների նկատմամբ կիրառել հետեւյալ տուգանքները. մեքենայում` 50.000 դրամ, տրանսպորտում, տաքսու մեջ` 100.000 դրամ, վերելակում, գրասենյակում, սրճարանում` 250.000 դրամ: Այլ տուգանքներ. հատով ծխախոտի վաճառքի համար` 300.000 դրամ, դպրոցին 100 մետրից մոտ վաճառքի համար` 500.000 դրամ, ծխելն արգելող նշան չտեղադրելու համար` 100.000 դրամ, ղեկավարին` տարածքում ծխելը չարգելելու համար` 500.000 դրամ, իսկ ծխախոտի գովազդի համար` 700.000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ պատգամավորներից փորձեց հետաքրքրվել՝ ինչպե՞ս են վերաբերվում այս նախագծին եւ ինչպե՞ս կքվեարկեն, երբ այն բերվի խորհրդարան:

Ի դեպ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից Վարդան Ղուկասյանը չծխողների թվում է: Եւ մեր հարցին ի պատասխան` արձագանքեց. «Թող բոլորն էլ չծխեն: Ինչ է պատահել որ: Մարդիկ որքան կարող են, թող չծխեն, պետությունն էլ նպաստի, որ մարդիկ քիչ ծխեն: Դա բոլորի առողջության համար է: Ես, օրինակ, ծխող չեմ: Երբեք չեմ ծխել» Ինչ վերաբերում է ծխելու համար նախատեսված տուգանքներին, նա նշեց. «Դրա մասին չեմ կարող ասել: Գիտեք ինչ, ընդհանրապես, ես կողմնակից եմ, որ եթե օրենք է ընդունվում երկրում, բոլորն էլ թող ենթարկվեն»,-նշեց նա:

Նշենք, որ նախագիծն ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 1-ից:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս