Մշակույթի նախարարությունը կրկին գրաքննությո՞ւն է իրականացնում. Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի վայրը կփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը, որը պետք է կայանար փետրվարի 7-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, չեղարկվել է։ Սոցիալական ցանցում հունվարի 25-ին նույնիսկ միջոցառում էր բացվել, որը հասցրել էր հետաքրքրել օգտատերերին: Սակայն կարճ ժամանակ անց գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը իր էջում հայտարարեց. «Հարգելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը եւ ցանկանում տեղեկացնել, որ կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության եւ մյուս կողմից՝ մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»:

Միքայելը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «կամքից անկախ հանգամանքներ» ասելով՝ նկատի ունի թանգարանի կողմից առաջ քաշած վարչական խնդիրները. «Թանգարանի տնօրինությունը պարզաբանեց, որ տեխնիկական խնդիրներ կան՝ պայմանագրի կնքման հետ կապված, իսկ մշակույթի նախարարությունը չի մեկնաբանել կատարվածը»,- ասաց նա:

Նշենք, որ կատարվածը բողոքի մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում: Շատերը պնդում են, որ միջոցառումը չեղարկվել է մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ Սաակաշվիլին ներկայում «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ է, բացի այդ` նշվում է նրա հակահայ քաղաքականության մասին։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում մշակութային միջոցառումը նախնական պայմանավորվածությունից հետո չեղարկվում է։ Ամիսներ առաջ մշակույթի նախարարությունը փակել էր Հովհաննես Թումանյանի թանգարանում ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը։ «Մի բան կարող եմ հստակ ասել՝ նույն կառույցի կողմից նույնաբնույթ գործողությունների նախադեպեր եղել են, ու հենց այդ նախադեպերն են, որ անկախ այս տեղեկության հավաստի կամ ոչ հավաստի լինելուց՝ լուրերին հավաստիություն են հաղորդում: Ինչ վերաբերում է Սաակաշվիլու հակահայ գործունեությանը, ապա դա, միանշանակ, սուբյեկտիվ գնահատական է, եւ ես չեմ ասի՝ կիսում եմ դա, թե ոչ: Չգիտեմ նաեւ՝ նախարարությունն այդ գնահատականը կիսո՞ւմ է, թե՞ ոչ»,-մեկնաբանեց Միքայելը:

Ի դեպ, թեմայի շուրջ գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը «Ֆեյսբուքում» գրառում էր կատարել՝ նշելով. «Եթե պարզվի, որ գրքի հրատարակիչն ու թանգարանի տնօրինությունը գաղտնի պայմանավորվել են, որ գրքի նկատմամբ հետաքրքրությունը շատացնելու համար շնորհանդեսը արգելեն, չեմ զարմանա»:

Միքայելը, սակայն, հակադարձեց. «Միանշանակ, դա իրականությանը չի համապատասխանում: Եթե նույնիսկ տրամաբանենք, որ այդպես կարող էր լինել, ապա այդ դեպքում ինձ չի թվում, որ կարող էր շահերի համընկնում լինել»: Գրքի շնորհանդեսը նախատեսվում է իրականացնել այլ վայրում, տեղի եւ ժամի մասին կծանուցվի:

Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ, ով նշեց, որ հիվանդ է եւ խոսել չի կարող: Մենք գրավոր հարցմամբ դիմեցինք նաեւ մշակույթի նախարարությանը։ Նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով մեր հարցին, թե ինչ պատճառով է չեղարկվել գրքի շնորհանդեսը, տվել էր լակոնիկ պատասխան․ «Տեղյակ չենք, քանի որ կողմերի միջեւ համապատասխան պայմանագիր չի կնքվել»:

Հ.Գ. Արդեն հայտնի դարձավ, որ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին, երեկոյան 19:00-ին`«Նոյյան Տապան» գրատանը:

Անի Անտոնյան




Լրահոս