ՀՀ ճանապարհային ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է մայրաքաղաքի փողոցների նշագծումներով, առաջիկայում կլուծարվի:
Նշենք, որ այս կազմակերպությունը դեռեւս 2009 թվականից է իրականացնում Երեւանի ճանապարհային գծանշումները, երթեւեկության նշանների եւ լուսացույցների տեղադրման, պահպանման, սպասարկման եւ շահագործման աշխատանքները: Եւ այդ նպատակով առանց մրցույթի, ՃՈ արտաբյուջետային միջոցներից յուրաքանչյուր տարի դրամաշնորհ է հատկացվում: Առանց որի «Լուսանշան»-ը գոյություն ունենալ չի կարող: Սակայն ոստիկանությունը մտադիր է այդ աշխատանքները իրականացնել մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով: Ինչի արդյունքում այլեւս «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կարիքը չկա: Եւ ՀՀ ոստիկանությունը գտել է խնդրի անհրաժեշտ լուծումը` լուծարել կազմակերպությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում բնականաբար մի քանի տասնյակ աշխատողներ են գործազուրկ դառնալու: Տեղեկացնենք, որ «Լուսանշան» ՊՈԱԿ-ն այս պահին ունի 90 հաստիք: Ի դեպ, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի` 2016 թվականի տարեկան 9 ամսվա փաստացի մուտքը կազմել է 730 մլն 500 հազար դրամ, իսկ անցած տարի` 566 մլն 400 հազար դրամ:
Իսկ մինչ ՊՈԱԿ-ի լուծարման գործընթաց սկսելը «Լուսանշանի» կողմից Երեւանում տեղադրված ճանապարհային նշանները, լուսացուցային օբյեկտները, ինչպես նաեւ շարժական գույքը ճանապարհային ոստիկանությունը հետ կվերցնի եւ կամրացնի իրեն: Բացի այս` «Լուսանշան» կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են պետական բյուջե, իսկ անշարժ գույքը ամրացվելու է պետական գույքի կառավարման վարչությանը:
Թե որ ընկերությունն է փոխարինելու «Լուսանշան»-ին, առաջիկայում պարզ կդառնա: Հուսանք` սա հերթական այն ընկերություններից չի լինի, որը կաշխատի պետություն/մասնավոր` 70/30 տոկոսային հարաբերությամբ:
Սյունէ Համբարձումյան