ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԵՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր է նախաձեռնել: Դեսպանը հավելել է, թե այդ օրենսդրական քայլերի ընդունումից եւ իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար եւ ավելի լավը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, այլ խորհուրդ է տվել դա հարցնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից փորձեց ճշտել տեղեկությունը, սակայն, ապարդյուն:
Նշենք նաեւ, որ այս ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որտեղ, սակայն, իրավական ամրագրումներ են ներկայացված վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Իսկ քաղաքական կոռուպցիայի՝ ընտրակաշառքի վերաբերյալ չկա որեւէ բառ: Չի բացառվում, այնուամենայնիվ, որ հիմա ԸՕ եւս մեկ նախագիծ է մշակվում, բայց քանի որ դեռ չի ավարտվել, շրջանառության մեջ չի դրվել:
Ամեն դեպքում, հիշեցնենք` քաղաքական կոռուպցիայի թեմային անդրադարձ կար նաեւ ԱԺ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման մեջ, որտեղ նշված է, թե քաղաքական կոռուպցիայի «արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի: Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում»: Միայն թե, զարմանալի է՝ ինչպե՞ս է իշխանությունը կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է ինքը. ի վերջո, այս իշխանությունը ձեւավորվել է քաղաքական կոռուպցիայի արդյունքում 10 հազարական դրամների շնորհիվ:

 

 

 

Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնում, երեկ հայտարարել է, թե վերջնական համաձայնությունը կտա, կամ որ նույնն է, կասի «հա» հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների հետ հանդիպումից հետո: Նա նաեւ ասել է, թե կուզեր հանդիպել Արցախի ղեկավարությանը եւս: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանից փորձեց պարզել, թե որքանո՞վ է Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընկալելի Արցախի համար: «Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի»,- ասել է նա: Իսկ ի՞նչ պահանջ է Արցախը դնելու ՀՀ նախագահի թեկնածուի առջեւ. հետաքրքրվեցինք Արցախի ԱԺ փոխխոսնակից: Նրա խոսքերով` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջինը Արցախի միջազգային ճանաչման հարցին հետամուտ լինելու խնդիրն են բարձրացնելու: «Այսօր այդ հարցն է առօրեական, եւ կքննարկվի այդ հարցը ավելի ակտիվացնելու տեսանկյունից եւ Արմեն Սարգսյանի փորձը, հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից»,- նշել է Արցախի խորհրդարանի փոխխոսնակը:

 

 

 

Օրերս իրավապահները ձերբակալեցին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու կասկածանքով: Վերջինս, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում ալավերդցի Տարոն Աբգարյանի քրեական մյուս խմբավորման կողմից մահափորձի էր ենթարկվել: Ու հիմա նա էլ իր հերթին էր պատրաստվում վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացնողներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վահագն Աբգարյանի ձերբակալության գործով իրավապահներին հայտնի է դարձել, որ այս ամիսներին նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Չի բացառվում, ի թիվս այլոց, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ու նույն թաղամասում միասին մեծացած ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի մասին լինի խոսքը: Չի բացառվում նաեւ, որ որոշ պաշտոնատար անձանց իրավապահները կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք այս պատմության հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կապ չի ունեցել Աբգարյանի հետ:

 

 

 

Այս տարվա տաք ձմեռը շատ է ուրախացրել քաղաքացիներին. ի վերջո, նրանք ստիպված չեն մեծ գումարներ ծախսել ջեռուցման համար: Սակայն եղանակային այս պայմանները մտահոգություն են առաջացրել հատկապես Արարատյան դաշտավայրի գյուղացիների մոտ. տեղումների բացակայության հետեւանքով ՀՀ-ում ջրամբարները այդպես էլ չեն լցվել, իսկ չլցվելու արդյունքում գյուղացիները ոռոգման սեզոնին կանգնելու են լուրջ խնդրի առաջ, եւ չի բացառվում` երաշտ լինի: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իսկապես մտահոգություն կա ոռոգման ջրի մասով: «Բայց այս պահի դրությամբ վաղ է խոսելը, որովհետեւ դիմացը բավականին ժամանակ կա: Այսինքն` հանրապետությունում մի քանի օր անընդմեջ տեղումների դեպքում արդեն այս հարցը դուրս կգա օրակարգից,- նշել է նա՝ հավելելով,- ճիշտ է` մտահոգություն կա, բայց դեռ ժամանակ ունենք, չէ՞ որ բնություն է…»:

 

 

 

ԳԵՐԱԿԱՏԱՐՎԱԾ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կաշվից դուրս է գալիս` համոզելու, թե իր ղեկավարած կառավարությունը հրաշալի է աշխատել՝ «դմփոց ռեֆորմներով»: Այդ շարքից էր ֆինանսների նախարարությունում նրա երեկվա հանդիպումը, երբ լսելով 2017թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը` հանձնարարել է. «Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջեւ, օրենքով հաստատված բյուջեն է, եւ մենք այն գերակատարել ենք, անպայման այդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի համար, որն ԱԺ-ում հաստատվել է»:
Ուշադրություն դարձրեք Կարեն Կարապետյանի ձեւակերպումներին. նա հայտարարել է, թե կառավարությունը պատասխանատու է «օրենքով հաստատված բյուջեի համար»: Ու սա այն դեպքում, երբ նույն այդ կառավարությունը սեփական նախաձեռնությամբ փոխել էր «օրենքով հաստատված» բյուջեի եկամուտներն ու ծախսերը, եւ ավելացրել նշաձողը 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ: Այնպես որ, հիմա պետական բյուջեի հաշարկի համար հիմք են ճշգրտված այդ ցուցանիշները, այլ ոչ թե ԱԺ ընդունած օրենքով սահմանվածը, որ հետագայում փոփոխվել է: Այս հաշվարկի դեպքում կստացվի, որ իրականում 2017թ. պետական բյուջեն ոչ թե գերակատարվել է, այլ թերակատարվել: 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 156.4 հազար դրամ, մինչդեռ ճշգրտված պլանի համաձայն` պետք է կազմեին 1 տրիլիոն 200.7 մլրդ դրամ: Այնպես որ, գերակատարման մասին որեւէ խոսք լինել չի կարող: Եւ հալվա ասելով` մարդու բերանը հազիվ թե քաղցրանա:
Ի վերջո, որքան էլ կառավարությունը հանրությանն իրազեկի, թե բյուջեն գերակատարել են, դրանից իրերի դրությունը չի փոխվում. քաղաքացին ամեն օր առնչվելով համատարած թանկացումների հետ (բնականաբար, այդ ընթացքում մարդկանց իրական եկամուտները չեն ավելացել)` հազիվ թե բավարարվի նման հայտարարություններով:
Մեկ փաստ էլ, Կարեն Կարապետյանի կառավարության համար սովորական է դարձել ցանկալի արդյունքներ նկարելու համար հաշվարկի մեթոդաբանությունը փոխելը: Մի քանի ամիս առաջ էլ համոզելու համար, թե իրենք ապահովել են խոստացված ներդրումները, հրապարակել էին ցուցանիշներ, որոնք հաշվարկվել էին ոչ թե միջազգայնորեն ընդունված չափանիշներով, այլ բոլորովին ուրիշ մեթոդաբանությամբ: Այդ մասին ժամանակին շատ խոսվեց: Փաստորեն, կառավարությունը նույնկերպ վարվում է նաեւ այս դեպքում:




Լրահոս