ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿՀԱՐԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 հունվարի 1-ից սկսած Հայաստանի գյուղատնտեսությունը այլեւս հարկերից ազատված ոլորտ չի լինելու: Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում: Ըստ այդմ, 58.35 մլն դրամից բարձր տարեկան շրջանառություն ունեցող գյուղմթերք արտադրող տնտեսվարողները պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն:

Նշենք, որ գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանայեին դեռ 2015 թվականի հունվարի 1-ից, ինչը Հայաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր: Սակայն այդ ժամկետը հետաձգվել էր: Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն, սահմանվում է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ: Նույն` 2019 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով հարկվելու է նաեւ գյուղտեխնիկայի, թունաքիմիկատների, տնկիների, սերմնացուների վաճառքը: Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա: Սակայն այստեղ առաջանում են գյուղմթերքների արտադրության եւ իրացման հետ կապված հաշվառման խնդիրներ, որոնց իրականացումը ծախսատար է լինելու: Այն, որ հարկային բեռը իրենից ենթադրում է ծանրացում, դա ակնհայտ է: Եւ սա այն դեպքում, երբ կան ոլորտներ, որոնք մինչեւ այժմ ընդհանրապես ազատված էին հարկումից: Խոսքը գյուղատնտեսության ոլորտի մասին է: Իսկ գյուղատնտեսության հարկումը մեծ քանակությամբ ապրանքների վրա կարող է տարածվել: Ինչն էլ իր հերթին գների բարձրացման լուրջ ռիսկեր է պարունակում: Դժվար չէ կռահել, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներ ստիպված են լինելու հարկային բեռի ավելացումը փոխհատուցել գների բարձրացմամբ:
Սակայն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղատնտեսական արտադրողների բացարձակ գերակշռող մասը ավելացված արժեքի հարկ վճարող չէ: Եւ ավելացված արժեքի շեմի փոփոխությունը ոլորտի վրա էական ազդեցություն չի ունենա:
Նրա խոսքերով` ավելացված արժեքի հարկի չհարկվող շեմը մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը նույնպես եղել է 58.35 մլն դրամ: Ինչը գյուղատնտեսական արտադրության առանձնահատկություններով` տնտեսությունների փոքր չափերով պայմանավորված էական ազդեցություն չի ունեցել գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության վրա: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում բնակչության տնտեսությունների մասնաբաժինը կազմում է 96.8 տոկոս, առեւտրային կազմակերպությունների մասնաբաժինը` 3.2 տոկոս:
Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող առեւտրային կազմակերպությունների թիվը 110 է, որոնց գերակշռող մասը` 74-ը, համարվում են գերփոքր: Ռոբերտ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նաեւ, որ թողարկվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալը մեկ կազմակերպության հաշվով կազմում է 12.2 մլն դրամ: «Հաշվի առնելով ապրանքայնության մակարդակը` իրացման շրջանառությունը կլինի առավել փոքր, եւ, բնականաբար, նրանք ԱԱՀ-ի հարկման շեմը չեն հաղթահարի: Գյուղատնտեսական առեւտրային կազմակերպությունների ընդհանուր թվից 21-ը հանդիսանում են փոքր ձեռնարկություններ, եւ դրանց գյուղատնտեսական համախառն արտադրանքի միջին արժեքը կազմում է 122.8 մլն դրամ: Հաշվի առնելով ապրանքայնության մակարդակը` իրացման շրջանառությունը կկազմի շուրջ 92 մլն դրամ, հետեւաբար շեմը գերազանցող 33.7 մլն դրամի մասով կվճարեն ավելացված արժեքի հարկ: Իրականում ավելացված արժեքի հարկ վճարող կարող են հանդիսանալ շուրջ 36 գյուղատնտեսական առեւտրային կազմակերպություն, որոնք արտադրում են գյուղատնտեսության համախառն արտադրանքի գրեթե 3 տոկոսը եւ գյուղացիական տնտեսությունների, եւ առեւտրային կազմակերպությունների թվի 0.02 տոկոսը: Հաշվի առնելով նշվածը` հարկային նշված փոփոխությունը դժգոհությունների առիթ չի տա»,- վստահեցրեց փոխնախարարը:
Նշենք, որ 58,35 մլն դրամը կգերազանցեն շատ սահմանափակ կազմակերպություններ: Իսկ նման կազմակերպություններ են, օրինակ, արհեստական լճակներում ձուկ արտադրող տնտեսությունները, անասնապահական մեծ ֆերմաները, թռչնամիս, ձու արտադրող ֆաբրիկաները, խոշոր ջերմոցային տնտեսությունները: Ինչպես հայտնի է` այս կազմակերպությունների շրջանառությունը դրանից անցնում է: Օրինակ` կարտոֆիլագործությամբ զբաղվող տնտեսվարողի վրա հարկման այս փոփոխությունը կկիրառվի այն դեպքում, երբ նրա արտադրանքի իրացումը հասնի 58,35 մլն դրամի: Այսինքն` նա պետք է տարվա հաշվարկով վաճառի 450 տոննա եւ ավելի կարտոֆիլ, ապա դառնա ԱԱՀ վճարող: Ըստ մասնագետների` բնակչությանը հուզող կարեւորագույն գյուղատնտեսական մթերքների հարկման մասով որեւէ մտահոգություն չի կարող լինել: Դժվար է պատկերացնել, որ այսօր Հայաստանում կգտնվի կարտոֆիլի մի քանի արտադրող, որոնք կկարողանան տարեկան 450 եւ ավելի տոննա կարտոֆիլ արտադրել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՎԵՐԱՆԱՅՎԻ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանի փոխանցմամբ` եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունն աշխատողների 90 տոկոսի վրա դրական է ազդել կամ որեւէ ազդեցություն չի ունեցել: Նա ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքով եկամտահարկի դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը վարձու աշխատողների աշխատավարձերի վրա, ըստ որի` մինչեւ 279 հազար դրամ եկամուտ ունեցողների վրա փոփոխությունը կա՛մ դրական է, կա՛մ զրոյական: Վ. Համբարձումյանի փոխանցմամբ` Հայաստանում պետական եւ մասնավոր հատվածում կա 600 հազար վարձու աշխատող, որոնց 90 տոկոսը մինչ 279 հազար դրամ աշխատավարձի սանդղակում է: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, ըստ որի` փոխվել են եկամտահարկի դրույքաչափերը: Այս դիտարկմանը, թե ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ եկամտահարկի շեմը կարող է վերանայվել, Վ. Համբարձումյանը նման կերպ է արձագանքել. «Ես էլ եմ հաստատում, հնարավոր է` վերանայվի: Հնարավոր է` գանք այն մեր հաճելի վիճակին, որ եկամտահարկը ստանդարտ լինի 20 տոկոս, բայց եթե դրան գանք էլ, դա կլինի աստիճանական»:

 

 

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՑԱԾՐ Է
Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեեւի` Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ օգտագործել է ինքնաշեն անօդաչու սարքեր, որոնք շատ նման են եղել ռուսական ռազմաբազաների վրա հարձակման համար ԻՊ-ի գրոհայինների օգտագործած անօդաչուներին: «Այդ անօդաչու սարքերը պատրաստվել են թուրքական հատուկ ծառայությունների պատվերով: Կարծում եմ, որ թուրքական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ հարվածներին եւ այնուհետեւ փոխանցել են հարվածների իրականացման կոնստրուկցիան եւ տեխնիկան Ադրբեջանին»,-նշել է նա: Նրա խոսքով` Արցախում նման անօդաչու սարքերի արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ հնարավորություն չկա հարվածներ հասցնելու կոնկրետ թիրախների ուղղությամբ:

 

 

ԵՎՍ ՄԵԿ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2018թ. հունվարի 26-ից գործարկվելու է Երեւան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հարեւանությամբ) տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է: Նշենք, որ առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին` 08.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

 

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի աշխատակազմը ցավակցում է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ: Մեր գործընկերոջը եւ իր հարազատներին մաղթում ենք համբերություն եւ ուժ՝ անդառնալի կորստի ցավին դիմակայելու համար:




Լրահոս