ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԿՈՂՄԵՐԻ ՄՈՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը կրկին լարված է: Այս գիշեր հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է եղել, որը սակայն հետ է շպրտվել:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 1992-1996 թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ:
-Պարո՛ն Կազիմիրով, արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ: Դա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ:
-Այդ ընդլայնումը կարող է ԵԱՀԿ-ի դերն ավելի ռեալ դարձնել, որովհետեւ այժմ առկա է միայն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկ եւ մի քանի մարդ, ովքեր չեն կարող հետեւել այն ամենին, ինչ կատարվում է շփման գծում: Նրանք կարող են լինել շփման գծի մի վայրում, որտեղ ամեն ինչ նորմալ է, իսկ մյուս վայրում՝ այդ նույն պահին, կարող են ինչ-որ միջադեպեր լինել: Կամ հենց նրանք մեկնեցին այդ հատվածից, այնտեղ եւս միջադեպեր են լինում: Այսինքն` անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի ֆիզիկական հնարավորությունները շատ քիչ են, որպեսզի ապահովեն վերահսկողությունը հակամարտ զորքերի շփման գծում: Դա նույնիսկ ռեալ չէ այն պայմաններում, որ շատ են այցելություններ ունենում կամ կարող են ունենալ, բայց միեւնույն է՝ դա հարց չի լուծում: Եթե գրասենյակն ավելի ընդլայնվի, ավելի աշխատակիցներ լինեն, իհարկե, ավելի լավ կդառնա իրավիճակը, եւ ավելի հեշտ կլինի հետեւել ընթացող գործընթացներին: Սակայն դա էլ չի լուծում խնդիրը, այն լուծում է ստանում մայրաքաղաքներում՝ Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում: Այնտեղ պետք է լինեն որոշիչ քայլեր, որպեսզի ապահովվի կրակի դադարեցման ռեժիմը, պահպանվի շփման գծի ողջ երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին եւս: Միջնորդների դերը չնչին է, գլխավորը կայանում է նրանում, թե ինչպիսի դիրքորոշում ունեն կոնֆլիկտի կողմերը:
-Սակայն մենք գիտենք, որ առաջին անգամ չէ՝ Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա հրաժարվում դրանից: Եթե գրասենյակի ընդլայնումը դրական ազդեցություն է ունենալու, կարո՞ղ ենք համոզված լինել, որ Ադրբեջանն ի վերջո կգնա այդ քայլին:
-Ես չգիտեմ Ադրբեջանի դիրքորոշումը եւ չեմ կարող կարծիք արտահայտել այդ առումով: Սակայն խնդիրը կայանում է կողմերի պայմանավորվածությունները կատարելու ունակության մեջ: Եթե կողմերն ինչ-որ բանի մասին պայմանավորվում են, այս դեպքում՝ Բաքուն, եթե ինչ-որ բան ստորագրում է, ապա պետք է կատարի այն: Հարցը միայն դրանք ստորագրելը չէ, այլ դրանց կատարման մեջ գործնականում: Ցավոք սրտի, Բաքվի կողմից բազմաթիվ ապացույցներ են եղել պայմանավորվածությունները չկատարելու կարողության մասին: Այս կերպ հնարավոր է պայմանավորվել ամեն ինչի մասին եւ ոչինչ չկատարել:
-Դուք Ձեր խոսքում նշեցիք, թե որոշումները կայացվում են մայրաքաղաքներում: Ի՞նչ նկատի ունեիք, եւ ի՞նչ քաղաքականություն պետք է լինի:
-Հարցն այն մասին է, որ, իհարկե, շփման գծում կարող են նաեւ պատահականորեն միջադեպեր լինել՝ որեւէ մեկն անհաջող կրակել է, մեկ ուրիշը մոլորվել է ու անցել մյուս կողմ… դա չպետք է բացառել, սակայն, եթե մայրաքաղաքներում կոշտ դիրքորոշում եւ մտադրություն ունի կրակի դադարեցման պայմանավորվածությունների շուրջ, ապա նույնիսկ փոքր միջադեպը չի կարող վերածվել մեծ հակամարտության: Օրինակ բերենք 2016 թվականի ապրիլը, արդյո՞ք այն կարող եք համարել պատահականություն, իհարկե ո՛չ, այն օպերացիա էր, որն իրականացրեց Ադրբեջանի ղեկավարությունը` ինչ-որ նպատակներ հետապնդելով՝ ցանկանալով ցույց տալ իրենց մարտունակությունը, որ նրանք չեն կարողանում համակերպվել ստատուս-քվոյի հետ, եւ այլ պատճառներ: Բայց չէ՞ որ դրանք հակասում են այն պարտավորություներին, որոնք նրանք ձեռք են բերել` կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրելով:
-Հենց այս օրերին սահմանին կրկին լարված է, նախօրեին էլ, երեկ էլ դիվերսիոն-ներթափանցման փորձ է եղել: Օրեր առաջ էլ հայտնի դարձավ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման մասին: Արդյո՞ք դա չի հակասում ՌԴ-ի կողմից խաղաղության միտված քայլերին:
-Ես տեղյակ չեմ, թե Ադրբեջանն ինչ պայմաններով է ՌԴ-ից սպառազինություն գնում: Ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի, որ Հայաստանը եւ ՌԴ-ն ունեն շատ սերտ համագործակցություն, իսկ հույս ունենալ ինչ-որ առանձին, տեղական օպերացիայի Արցախի հարցով, դա միամտություն է: Յուրաքանչյուր դեպքում այդ ամենին կմիջամտի Հայաստանը, ովքեր պարտավորություններ ունեն: Այնպես որ, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է մտածի այդպիսի արկածախնդրության հնարավոր լայն հետեւանքների մասին:
-Ամեն դեպքում հակամարտությունը ձգվում է 20 տարուց ավելի: Որտե՞ղ է լուծման բանալին:
-Այս կոնֆլիկտի լուծման բնական ճանապարհ է առկա` կողմերի պարտավորությունները չօգտագործել որպես ուժ կոնֆլիկտի լուծման շուրջ բանակցությունների ընթացքում, բոլոր հարցերը լուծել բանակցային ճանապարհով: Հենց սա ինչ-որ կերպ կարող է դուր չգալ նաեւ հայկական կողմերին, քանի որ, եթե հստակ պայմանավորվածություն լինի եւ միջազգային երաշխիք, որ կոնֆլիկտը չի կարող ստանալ ուժային լուծում, ապա այդ ժամանակ հայերը ստիպված կլինեն ինչ-որ տարածքներ տալ Ադրբեջանին: Եվ թվում է, որ դա Ադրբեջանի համար հաղթական տարբերակ է, քանի որ այն, ինչ կատարվում է հիմա… Ադրբեջանը ոչ մի հնարավորություն չունի վերադարձնելու վերահսկողությունն այն տարածքների հանդեպ, որոնք հայտնվել են հայերի վերահսկողության ներքո: Եվ այդ պարագայում Ադրբեջանի համար հաղթական տարբերակ է ընդունել եւ կատարել ուժային միջոցների չդիմելու պարտավորությունը: Սա հայերին կստիպի ինչ-որ տարածքներ վերադարձնել, բայց դա ձեռք չի տալիս Ադրբեջանին, եւ նրանք այլ քաղաքականություն են վարում, ընդ որում՝ հակառակ, հատուկ սրելով իրավիճակը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՈՒՄ ՕԴԱՆԱՎՈՎ, Ի ՎԵՐՋՈ, ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱ

Վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած հարցերից մեկն է, թե ում պատկանող օդանավով վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետը կիսվեց օդանավում արված լուսանկարներով, որոնցում երեւում էր շքեղ ինքնաթիռը: Իսկույն պարզ դարձավ, որ այն պաշտոնյաներին սպասարկող օդանավը չէ, չարտերային թռիչք է:

Հարցին, թե Կարեն Կարապետյանն անձնական օդանավ ունի՞, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել էին, թե վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն, պետբյուջեից գումար չի հատկացվել: Բայց այդպես էլ չհստակեցվեց` որ ընկերությունն էր վարչապետի թռիչքի համար անվճար տրամադրել ինքնաթիռը, կամ ով ինչքան գումար էր պահանջել ու ստացել վարչապետից՝ նրան օդանավ տրամադրելու համար:
«Այն պարզաբանումը, որ տրվել է մասնավոր օդանավի վերաբերյալ, դրան ավելացնելու բան այս պահին չունեմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը:
Մեր դիտարկմանը` եթե մասնավոր ընկերություն կամ որեւէ գործարար անձ է Կարեն Կարապետյանին տրամադրել ինքնաթիռը, ապա այս «լավության» համար հետագայում երկրի երրորդ դեմքը պետք է փոխհատուցի որեւէ ձեւով: Կառավարության աշխատակիցը նշեց. «Ես այդ մասին լսել եմ: Չեմ կարծում, որ նման խնդիրներ ծագեն: Հարցումներ ստացել ենք, կքննարկենք, կփորձենք պատասխանել»:
Նշենք, որ ըստ որոշ լուրերի` օդանավը պատկանում է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի նախագահ, միլիարդատեր Սամվել Կարապետյանին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՍԻՐՏԸ ՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
Երեկվանից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն` կառավարության կազմում ավելանալու է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Բացի այդ` լինելու են երկու փոխվարչապետներ: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է` առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, որպեսզի ապրիլից նա զբաղեցնի այդ պորտֆելը՝ համակարգելով տնտեսական ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանին հարցրեց` արդյո՞ք այդ պաշտոնը Կարապետյանի սիրտը շահելու համար է ստեղծվում. «Մտածո՞ւմ եք` նման խնդիրներն ինչ-որ մեկի սիրտը շահելու համա՞ր են: Բնականաբար, Կարապետյանը բավականին լուրջ պաշտոն կունենա, բայց թե ինչ պաշտոն, երբ, ինչպես, դա էլ արդեն ՀՀԿ-ն կորոշի»:
Հարցին, թե մյուս երկու փոխվարչապետներից մեկի աթոռը նախատեսված է կոալիցիոն ՀՅԴ-ի համար, Սահակյանն ասաց. «Դուք հարց եք տալիս, որը լուծումներ չունի, քանի որ չի քննարկվել: Որեւէ նման խնդիր դեռեւս ՀՀԿ-ում չի քննարկվել»:

 

 

ՓԱԿՎԱ՞Ծ Է
ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը հունվարի 31-ին կքննարկի ԱԺ «Ելք» խմբակցության պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Խմբակցությունն անհրաժեշտ է համարում հանձնաժողովի ստեղծումը, որպեսզի քննարկվի նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա հարձակվելու եւ հարվածելու փաստը: «Ելք»-ի պնդմամբ` Արտաշես Գեղամյանն էթիկայի կանոնների խախտում էր թույլ տվել: «1 տարի անցել է: Այդ հարցը փակված է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԻ
Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերեւակման տարածքում որոնման-հետախուզական աշխատանքներ իրականացնող «Արմենիա Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018 թվականի հունվարի 24-ին մարզային դատախազությունը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ոսկու որոնման մասով հետախուզական աշխատանքներ իրականացնող ընկերությունից գումար գանձելու համար: Իսկ թե որքան գումար է դատախազությունը պահանջում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Նշենք, որ դեռեւս 2014 թվականին ՎՊ-ի ստուգումների արդյունքում բացահայտվել էր, որ այս ընկերությունը հաստատված երկրաբանահետախուզական ծրագրով նախատեսված աշխատանքները նախատեսված ծավալով չի իրականացրել, բայց փաստաթղթերով ցույց է տվել հակառակը: ՎՊ-ի այս բացահայտման հիման վրա էլ իրավապահները քննություն են իրականացրել:




Լրահոս