Վաղը Հայոց բանակի օրն է: 1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ` մինիստրների խորհրդում ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտե, 1991թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Իսկ արդեն 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը` այդկերպ ազդարարելով հայկական երազանքի բանակի ստեղծման մասին:
Եւ այսօր` մեր պետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող կառույցի ստեղծումից 26 տարի անց, պետք է հպարտությամբ փաստենք՝ Հայկական բանակն ի զորու եղավ լուծելու իր առջեւ դրված կարեւորագույն խնդիրները: Ասվածի ապացույցը Արցախյան հերոսամարտում հայկական կողմի հաղթանակն է, եւ այս տարիներին ՀՀ սահմանների անառիկությունը: Այնպես որ, չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ բանակը, չնայած ունեցած թերություններին, մեր երկրում լիարժեք կայացած եզակի պետական կառույցներից մեկն է, եթե ոչ միակը: Այնպես որ, շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր:
Երկու օր է՝ կառավարությունը ցնծության մեջ է. ոգեւորված են 2017թ. սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշներով: 7.7 տոկոս աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, 12.6 տոկոս` արդյունաբերությունը, անգամ 2.2 տոկոսով ավելացել են շինարարության ծավալները: Կառավարությանը ոգեւորել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտի ցուցանիշները. այստեղ աճը 26.9 տոկոս է, ընդ որում` 25.2 տոկոս աճել են արտահանման, 27.8 տոկոս` ներմուծման ծավալները: Բայց նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշներին, արդյունքում` արտաքին առեւտրաշրջանառության մեջ բացասական հաշվեկշիռը, միեւնույն է, շարունակում է խորանալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում արտահանվել է 2.2 մլրդ դոլարի արտադրանք եւ ներկրվել 4.1 մլրդ դոլարի ապրանք: Ասել է, թե արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը 1 մլրդ 939.8 մլն դոլար է: Մինչդեռ, հիշեցնենք, կառավարությունն իր ծրագրում խոստացել էր արտահանելի տնտեսություն ունենալ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել Օսիկյանին պաշտոնանկ անելու առաջարկը: Ու քանի որ ԱՆ ՔԿ վարչության պետին նշանակում եւ ազատում է նախագահը, առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը: Մեր տեղեկություններով` այս ամենի պատճառը մի շարք ՔԿՀ-ներում նախորդ տարի բացահայտված կոռուպցիոն սկանդալներն են, որոնց արդյունքում եղան պաշտոնանկություններ եւ անգամ ձերբակալություններ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հիմա իշխանական վերնախավում որպես Օսիկյանին փոխարինող քննարկվում է Շիրակի նախկին մարզպետ, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ նախկին պետ Աշոտ Գիզիրյանի անունը: Սակայն գեներալ Գիզիրյանը երեկ մեր հարցին ի պատասխան` ասաց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Իսկ առաջարկ լինելու դեպքում արդյո՞ք կհամաձայնի ստանձնել այդ պաշտոնը, Գիզիրյանը նույն պատասխանը տվեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:
Բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ հանդիսանալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը նշել է, թե հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետեւանքները թողնի դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումը: «Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետեւ հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռեւս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- ասել է նա` հավելելով որ առաջիկայում կամփոփեն հունվար ամսվա ցուցանիշները եւ որոշում կկայացնեն: Մասնագետների պնդմամբ` նույն խնդրի առաջ են կանգնած մի շարք այլ տնտեսվարողներ եւս, ու եթե ոչ առաջիկա օրերին, ապա առնվազն առաջիկա ամիսներին նրանք էլ կամաց-կամաց կսկսեն բարձրացնել իրենց արտադրանքի գները:
ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվությունը շարունակվում է: Ու որքան էլ արտաքուստ տպավորություն ստեղծվի, թե բանակցային գործընթացն առանձնապես առաջ չի շարժվում, իրականությունը միանգամայն այլ բան է վկայում: Պարզապես ամեն ինչ չէ, որ տեսանելի է առաջին հայացքից: Այս առումով պատահական չէ, որ տարեսզկբին տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հիմա փետրվարին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ինչպես հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, իրենք այցելելու են` «ակնկալելով հստակեցնել կողմերի դիրքորոշումները»: Միաժամանակ նա որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ տարեսկզբին Կրակովում տեղի ունեցած հանդիպումից: Ըստ այդմ, երկու երկրների նախարարները քննարկել են ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման թեման: «Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը: Մնացել են մի քանի տեխնիկական դետալներ, որոնք մինչեւ ընդլայնման մեխանիզմի գործարկումը հարկավոր է համաձայնեցնել»,- ընդգծել է Պոպովը: Նա նաեւ նշել է, թե բանակցություններում շարունակվել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին խոչընդոտող առավել բարդ ասպեկտների քննարկումները: «Առաջարկները նոր չեն, կողմերը դրանք բազմիցս հնչեցրել են. դրանք վերաբերում են կարգավիճակի հետ կապված հարցերի լուծմանը եւ տարածքային խնդրի կարգավորմանը: Մենք ակնկալում ենք ճշտել կողմերի դիրքորոշումը փետրվար ամսվա առաջին տասնօրյակում կայանալիք մեր «եռյակի» այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում»:
Մեծ հաշվով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը որեւէ նորություն չի հայտնել ու որեւէ արտառոց փաստ չի բացահայտել: Նա խոսել է վաղուց հայտնի սկզբունքների մասին, խոսել գործընթացի ներկա վիճակից, որ որոշ դետալներ շարունակում են խոչընդոտել վերջնական համաձայնության հասնելուն: Բայց համանախագահները եւ, ընդհանրապես, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով շահագրգռված անձինք ամեն անգամ այս մասին խոսում են խնդիրը քաղաքական օրակարգում պահելու, նաեւ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում հասարակական տրամադրությունները շոշափելու նպատակով` իհարկե, ամեն անգամ չմոռանալով բանակցային սեղանի շուրջ գտնվողներին հիշեցնել խնդրի լուծման ուղղությամբ քայլեր կատարելու, փոխզիջումների գնալու անհրաժեշտության մասին: