Երեխայիս և հոր միջև կապը վերջնականապես կտրվել է․ Նաիրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ընդգրկված է նոր հումորային հեռուստանախագծում, որը եթեր կհեռարձակվի «USArmenia» հեռուստաընկերությամբ։ Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ նախագծի շրջանակում մարմնավորելու է ոչ թե մեկ, այլ մի քանի կերպար: Նկարահանումները տեղի են ունենում Հայաստանում: Այլ մանրամասներ Նաիրան դեռեւս չհայտնեց:
Հարցին, թե թատերական կյանքին առնչվող ինչ նորություններ ունի, դերասանուհին պատասխանեց, որ փետրվարի 12-ից կրկին բեմում կլինի իր մասնակցությամբ «Գլամուրային չոբանները» ներկայացումը:

Նաիրան մտադիր է նաեւ ընդլայնել առողջ ապրելակերպի քարոզչության հետ կապված իր գործունեությունը (Վերջին շրջանում նա ուղիղ միացումներ է ունենում «Ֆեյսբուքում», խորհուրդներ տալիս անձնական փորձից, հյուրընկալում մասնագետների-հեղ.)։ «Ես դերասանուհի եմ, որը ներկայացնում է իր առօրյան եւ իր մասնագետներին ու ոչ միայն կոչ եմ անում առողջ ապրելակերպի անցնել, այլեւս ինքս եմ նման կենսակերպ վարում: Բազմիցս կտրուկ նիհարել եմ հենց դրա շնորհիվ: Վերջին անգամ, օրինակ, ճիշտ սննդակարգի շնորհիվ նիհարել եմ 9 կգ-ով: Եկել եմ այն եզրակացության, որ հարկավոր է սնվել 3-4 ժամը մեկ, բայց նորմալ, դեռ ոչ ոք սոված մնալով չի նիհարել, միայն հիվանդացել է: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ իմ թողարկումները դիտելուց հետո մարդիկ ուղարկում են իրենց լուսանկարները` արված առողջ ապրելակերպի անցնելուց առաջ եւ դրանից հետո. դրական արդյունքն ակնհայտ է»,-նշեց նա։

Մենք մի փոքր խոսեցինք նաեւ Նաիրայի անձնական կյանքից: Վերջինիս խոսքով` ամուսնալուծվելուց հետո իր կողքին հիմա տղամարդ չկա. «Անձնական կյանքի համար ժամանակ չունեմ: Կարող եմ միայն ասել, որ իմ իմացած անդավաճան սերը մոր սերն է, հետո` բալիկի, թեեւ դա դեռ հարց է, կմեծանա, կտեսնենք,-ասաց նա` հավելելով` ցանկանում է յոթ զավակ ունենալ,- Աստված տա` ցանկությունս կատարվի»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Նաիրայի նախկին ամուսինը` Վան Հակոբյանը, կապը պահո՞ւմ է արդյոք իրենց դստեր հետ. «Նրանց միջեւ բացարձակ որեւէ կապ չկա, այդ կապը վերջնականապես կտրվել է: Դրա հեղինակը միայն ես չեմ, ինչ եղել է, փոխադարձ է եղել»,-եզրափակեց դերասանուհին։

Անի Անտոնյան




Լրահոս