ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը անհայտ անձը կամ անձիք ներխուժել են Կոտայքի մարզի Լեռնանիստ (վերին Ախտա) գյուղի «Հայփոստ»-ի բաժանմունք եւ չհրկիզվող պահարանից գողացել շուրջ 10 մլն 118 հազար դրամ:«Հայփոստ»-ին պատկանող շենքում է գտնվում նաեւ Լեռնանիստի գյուղապետարանը: Գողերը գյուղապետի եւ նրա տեղակալի դռներն են կոտրել, հավանաբար, գումար գտնելու ակնկալիքով, սակայն ապարդյուն:Հանցագործների թիրախը եղել է հատկապես «Հայփոստ»-ի մասնաշենքի այն սենյակը, որտեղ աշխատում են նպաստ բաժանողները: Ըստ Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Ստեփանյանի` գողերը կոտրել են դռան փականը, ներխուժելով  փոստային բաժանմունք` էլեկտրական հատիչով` «բալգարկայով», կտրել են չհրկիզվող պահարանի «պետլյաները», որոնք դրսի կողմից են եղել եւ գողերի գործը կրկնակի հեշտացել է: «Տարել են կենսաթոշակները, մայրական եւ ընտանեկան նպաստների գումարը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ոստիկանապետը:Նրա խոսքերով որեւէ մեկը որեւէ բան չի տեսել եւ չի լսել: Հետեւաբար, խոսք չի կարող լինել կասկածյալների մասին:«Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու նպատակով անմիջապես շներին բերեցինք տարածք: Շունը պտտվեց, պտտվեց, իջավ մոտ 100 մետր ներքեւի բնակարանը, որտեղ թաղման արարողություն էր, ու նորից բարձրացավ վերեւ»,-պատմեց մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ գյուղում պատահած հազվադեպ գողությունները միշտ թաղման կամ հոգեհանգստի օրերին են լինում, երբ օտար մեքենաները շատ են:Հարցին, թե ովքեր են տեղյակ եղել, որ գումարներն արդեն ինկասատորները գյուղ են բերել, Ա. Ստեփանյանը պատասխանեց. «Տեղյակ են եղել ՀՀ բոլոր թոշակառուները: «Հայփոստ»-ի տնօրենն ասաց, որ կենսաթոշակի գումարն էր ուշացել: Եւ որպեսզի մայրական ու ընտանեկան նպաստների հետ միաժամանակ բաժանեին, սպասել են, մինչեւ ամբողջ գումարը ինկասացիան բերեր: Ինկասատորները բերել են երեկոյան 19:00-ի կողմերը, «Հայփոստ»-ի աշխատակիցները մի 3-4 հոգով բաժանել են գումարի մի մասը: Մնացածն էլ դրել են չհրկիզվող պահարանի մեջ ու դուրս եկել»: Գողերն էլ իմանալով, թե որտեղ են պահվում գումարները, գործի են անցել:Ոստիկանապետը մեզ հետ զրույցում հավաստիացրեց. «Մենք ամեն ինչ պետք է անենք գործը բացահայտելու համար: Սա մեր հեղինակության հարցն է: Նրանք արել են մի բան, որը չի ներվում ո՛չ մեր, ո՛չ էլ անգամ հանցագործ աշխարհի կողմից: Չքավոր մարդկանց փողն են տարել, դա չեն մարսելու»:Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարդկանց դժգոհությունը մեղմելու համար անմիջապես 10 մլն դրամը փոխանցել է, որպեսզի «Հայփոստ»-ը բաժանի:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս